Եթե ԲՀԿ–ն չանցնի, որևէ մեկը ԱԺ–ն չի համարելու հանրայնորեն լեգիտիմ. Հովհաննիսյան
12:42 13.06.2026 (Թարմացված է: 12:52 13.06.2026)

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին` Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ–ի խնդիրը լինելուց։ «Ֆեյսբուքի» իր էջում նման գրառում է կատարել ԲՀԿ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը` նշելով, որ ՀՀ–ում հետընտրական անոմալ զարգացումներ են տեղի ոււնենում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7–ի ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ–ն տացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։ Հունիսի 12–ի վերահաշվարկի արդյունքներով` ԲՀԿ ստացած 58378 քվեն ավելացել է 147-ով, սակայն մինչ այդ` 3 ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում, ԲՀԿ–ն կորցրել էր 213 ձայն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7–ի ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ–ն տացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։ Հունիսի 12–ի վերահաշվարկի արդյունքներով` ԲՀԿ ստացած 58378 քվեն ավելացել է 147-ով, սակայն մինչ այդ` 3 ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում, ԲՀԿ–ն կորցրել էր 213 ձայն։
«ԿԸՀ-ում 4%–3.996% քաղաքական–տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի»,– գրել է Հովհաննիսյանը։
Նա նաև մի շարք կետերով անդրադարձել է ներքաղաքական և արտաքին այլ զարգացումների։
Հովհանիիսյանի գնահատմամբ` Հայաստանի ներսում հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած, թեև ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացման և հանդարտացման՝ իր իսկ շահերից ելնելով։
Բացի այդ, ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ մինչդեռ ՀՀ իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։
«Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել»,– գրել է քաղաքագետը։
Ըստ նրա` նորմալ չէ նաև այն, որ գործող վարչապետը հայտարարում է` շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով։
«Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչ լեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար»,– ընդգծել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա իշխանությունը, ըստ Հովհաննիսյանի, բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա, և որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։
«Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում»,– գրել է քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին` Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները, և դա չի անելու TRIPP–ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։
«Ադրբեջանը դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին»,– նշել է նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։