Դրանից լավ ընտրակաշառք չի լինում. Խոսրով Հարությունյանը` Փաշինյանի հրահանգների մասին

© Photo : Social media of Nikol Pashinyan
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի համոզմամբ, վարչապետը նախապես արված իր հայտարարություններով հանձնարարական է իջեցնում իրավապահ մարմիններին։ Նրանք էլ հլու– հնազանդ կատարում են այդ հրահանգները` իրենց պաշտոններից չզրկվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական մրցապայքարի ամբողջ ընթացքում անկաշկանդ օգտվում է իրավապահ մարմինների վարչական ռեսուրսից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։
Նույն օրն ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետք է պետականացվի, քանի որ կասկածներ կան, որ այն մասնավորեցվել է չարաշահումներով։ Ժամեր անց դատախազությունը հաղորդագրություն տարածեց` 2001-02թթ–ին ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում տեղ գտած չարաշահումների շուրջ կասկածների մասին։
«Վարչապետը, օրինակ, նախօրոք հայտարարում է, որ Արարատի ցեմենտի գործարանը պետք է պետականացվի։ Դրան անմիջապես ժամերի տարբերությամբ հաջորդում է իրավապահ մարմինների հայտարարությունը, որ նախկինում ցեմենտի գործարանի սեփականաշնորհման մեջ նկատել են ինչ–որ խախտումներ։ Բնական հարց է առաջանում. լավ, ինչո՞ւ այս պահին, ինչո՞ւ հենց նախընտրական մրցապայքարի փուլում դուք հանկարծակի հայտնաբերեցիք ցեմենտի գործարանի սեփականաշնորհման մեջ ինչ-որ խախտումներ։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ ամենը պայմանավորված է ընտրական գործընթացում «Բարգավաճ Հայաստանի» շատ ակտիվ, և, իմ կարծիքով, արդյունավետ ընտրապայքարով»,– նշում է Հարությունյանը։
Բացի այդ, նրա համոզմամբ, վարչապետը իր հայտարարություններով, ըստ էության, հանձնարարական է իջեցնում իրավապահ մարմիններին, և նրանք հլու– հնազանդ կատարում են այդ հրահանգները։
Խոսրով Հարությունյանի գահատմամբ, սա յուրօրինակ ընտրակաշառք է`զուգորդված ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ։ Դրանով իրավապահ մարմնի տվյալ պաշտոնյային ակնարկվում է, որ ընտրություններից հետո կպահպանի իր պաշտոնը, եթե հետևի երկրի ղեկավարի հրահանգներին։
«Սա է ընտրակաշառքը, դրանից լավ ընտրակաշառք չի լինում։ Եվ, հետևաբար, հարց. իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ամենը չի՞ նկատում, թե՞ նույն կարգավիճակում է նաև Հակակոռուպցիոն կոմիտեն»,– հռետորական հարցադրում է անում մեր զրուցակիցը։
ՀՀ նախկին վարչապետը համոզված է, որ մոտ ապագայում ԱԱԾ–ն էլ Փաշինյանի հրահանգով քրեական գործ «կկարի» Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, քանի որ այդ հրահանգն արդեն նախօրոք հնչել է։
Խոսրով Հարությունյանը Թևանյանին ուղղված մեղադրանքները դիտարկում է ոչ միայն նախընտրական պայքարի, այլև հիբրիդային պատերազմի, և հատկապես` վերջին օրերին ՀՀ–ում տարածվող` իբր, ՌԴ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձանց մասին կեղծ տեղեկությունների համատեքստում։
«Ցավն այն է, որ այս ամենին համառ լռությամբ հետևում են եվրոպական կառույցները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական կառույցները, նաև ԵՄ–ից ՀՀ գործուղված այն մի քանի հոգին, որոնք, իբր, պետք է պայքարեին հյուսիսից եկող հիբրիդային ազդեցությունների դեմ։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս ամենը բլեֆ է, ֆարս` բառի բուն իմաստով»,– նկատում է Հարությունյանը։
Հավելենք` մայիսի 21-ին ՌԴ ԱԳՆ–ն կոշտ հայտարարություն արցե մի հրապարակման կապակցությամբ, որտեղ նշվում էր Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ գործունեության մասին։