Պարտադրում են առաջնորդ ճանաչել կարգալույծ անձին․ Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել
11:52 02.03.2026 (Թարմացված է: 11:57 02.03.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հայտարարությունում նշվում է, որ դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի, քանի որ այն հակասում է ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մասյացոտնի թեմի 19 եկեղեցական անիրականանալի են համարում արդեն կարագալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես թեմի առաջնորդ ճանաչելու դատարանի որոշումը։ Այս մասին թեմը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ հռչակեց նրան։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
«Մենք՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի ներքոստորագրյալ եկեղեցականներս, մեր անհամաձայնությունն ու լրջագույն մտահոգությունն ենք արտահայտում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման վերաբերյալ։ Դրանով մեզ փաստացի պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։ Տվյալ որոշումն անհամատեղելի է եկեղեցու կանոնական կյանքի և մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաև՝ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից։ Հոգևորականներն ընդգծել են, որ այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։
Նրանք միաժամանակ ընդգծել են, որ խնդիրն ունի նաև խորապես հոգևոր և բարոյական կողմ։ Քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի, կանոնական ուխտին և եկեղեցական կարգին հավատարմության և խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժել այդ հավատարմությունը և ենթարկվել այնպիսի առաջնորդության, որը հակասում է իր խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքին։
«Խղճի և դավանանքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի հոգևորականի կյանքին։ ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան երաշխավորում են ՀԱՍԵ–ի ինքնակառավարման իրավունքը: Պետությունն ըստ օրենքի չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին: Դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է մեր ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը՝ Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ»,- նշված է հայտարարությունում։
Հոգևորականները շեշտել են, որ անկախ իրենց դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ չեն կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք։ Դրանով իրենց մղում են հակականոնական ընթացքի և սրբապղծության՝ այդ կերպ հավատացյալներին ևս դարձնելով մեղսակից։
Հավելենք, որ փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից: