Ի՞նչը որոշիչ դեր կունենա առաջիկա ընտրությունների ժամանակ. PR խորհրդատուն` վտանգների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Հայկ Կիրակոսյանը զգուշացնում է` ԱԲ–ով ստեղծած բովանդակությունը միշտ չէ, որ դրական ազդեցություն կամ կիրառություն կարող է ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը որոշիչ դեր է ունենալու առաջիկա ընտրությունների ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը` անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից հնարավոր նոր տեխնոլոգիաների, PR գործիքների կիրառմանը։
Ըստ նրա` մեր քաղաքական դաշտում դեռևս շատ են այն քաղաքական գործիչները, որոնք շարունակում են 1990–ական թվականների հին մեթոդներով ու տեխնոլոգիաներով քարոզարշավ անել, մինչդեռ համացանցն այլևս տարիք չի հարցնում. անգամ թոշակառուները թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում իրենց սմարթֆոններով կարողանում են ժամանակակից հավելվածներ մուտք գործել ու օգտվել դրանցից։
«Արհեստական բանականությունն այսօր հնարավորություն է տալիս մեծ արագությամբ թե՛ վիդեոներ, թե՛ ձայներ, թե՛ հոլովակներ, թե՛ անիմացիաներ գեներացնել` առանց թանկ նկարահանումների։ ԱԲ–ն է լինելու այն քաղաքական ուժի հաղթաթուղթը, որը գրագետ կկարողանա կիրառել արհեստական բանականության ընձեռնած նոր հնարավորությունները»,– ընդգծեց Կիրակոսյանը։
Միաժամանակ նա զգուշացրեց` ԱԲ–ով ստեղծած բովանդակությունը միշտ չէ, որ դրական ազդեցություն կամ կիրառություն կարող է ունենալ։

Հայկ Կիրակոսյան
© Sputnik / Asatur Yesayants
«Օրինակ` գեներացվել է, ստեղծվել է որևէ քաղաքական կերպարի` արհեստական բանականության միջոցով տեսանյութ, և եթե այդ տեսանյութում կերպարն ավելի բարեկիրթ խոսեց, ավելի գեղեցիկ եղավ, հետագայում տեսախցիկների առաջ միևնույն գործիչը, երբ ներկայանա իր խոսքային առանձնահատկությամբ կամ ժարգոնով, ապա կարող է թվացյալ պատկերի կոնտրաստ առաջանալ և իրականում վնասել տվյալ գործչին»,– նշեց մասնագետը` հիշեցնելով, որ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները կարող են կիրառվել նաև սև PR–ի տեսանկյունից։
Նրա խոսքով` Հայաստանում այսօր կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք իսկապես կարողանում են որակյալ արդյունք ստանալ ԱԲ–ի միջոցով։
Կիրակոսյանն ընդգծեց` նոր տեխնոլոգիաների կիրառության 2 միջոց կա` տեսանելի, օրինակ` տեսահոլովակ, գեներացված ինչ–որ կերպարներ, և անտեսանելի, երբ, օրինակ, քաղաքական գործչի հռետորական ելույթի խոսքերը ստեղծում է ԱԲ–ն։
«Այնպես չէ, որ այսօր շատերը նստում, գրում են իրենց ելույթներն այնպես, ինչպես կբխեր իրենց սրտից։ Նրանք, օրինակ, ChatGPT–ին կարող են ասել՝ Քենեդու ելույթի նման լավ ելույթ գրի` հաշվի առնելով, որ գտնվում ենք 21–րդ դարում` 2026 թ. Հայաստանում, ինչպես նաև հաշվի առնելով ընդհանուր քաղաքական վիճակը, և թող, օրինակ, ելույթի տեքստը լինի 10 րոպեանոց։ Վայրկյանների ընթացքում ChatGPT–ն և նմանատիպ ԱԲ–ները կտրամադրեն հիանալի մի տեքստ»,– նշեց Կիրակոսյանը` ավելացնելով, որ նույնը վերաբերում է նաև լսարանի հարցերին պատասխանելուն, խոստումներ գեներացնելուն։
Այսպիսով, ըստ նրա, հնարավոր է նաև մի ամբողջ նախընտրական կամ քարոզարշավի ծրագիր գրել` օգտվելով արհեստական բանականության հնարավորություններից։ PR խորհրդատուի համոզմամբ` տեխնոլոգիական այս հնարավորություններից օգտվելիս ամեն դեպքում պետք է լինել շատ զգույշ և գրագետ, մոլորության մեջ չընկնել ու չգցել մարդկանց։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։