Դեկտեմբերի 18–ը կմնա մեր նորագույն պատմության ամոթալի էջերից մեկը. սրբազանների խոսքը
10:49 20.12.2025 (Թարմացված է: 11:09 20.12.2025)

© Sputnik
Բաժանորդագրվել
Իրենց հայտարարության մեջ սրբազանները նշել են` ակնհայտ է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ դառնալով խամաճիկ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 18–ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։ Այս մասին ասված է կալանավայրում գտնվող Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարության մեջ։

Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից
© Photo : Սրբազան պայքար
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։ Այդ ընթացքում Մայր աթոռի բակում հավաքվածների մի մասը բղավում էր` հեռացիր, մյուսը մասը վանկարկում էր` վեհափառ։
«Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18–ին կրկին ներխուժեց Մայր աթոռ` փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով»,– ասված է հայտարարության մեջ։
Սրբազանները նշել են` ակնհայտ է, որ այդ եպիսկոպոսները ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ դառնալով խամաճիկ, և որ կարճ ժամանակ հետո իրենք ևս զոհաբերվելու են։
«Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են), և այդ առումով դեկտեմբերի 18–ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը»,– ընդգծել են կալանավորված եպիսկոպոսները։
Նրանք այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով են անդրադարձել ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց` հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։
«Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն հայոց հայրապետին և լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք տեր Վրթանես քահանա Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։ Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը»,– հայտարարությունը եզրափակել են Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։