Մեղրիի կազակները, պատմություն № 1. Ժորա պապն ու Արաքսի ափի նրա նվերը Ռուբեն Վարդանյանին
10:10 15.12.2024 (Թարմացված է: 10:15 15.12.2024)
© Sputnik / Aram GareginyanԱրաքսը ժորա Մելքոնյանի տնից
© Sputnik / Aram Gareginyan
Բաժանորդագրվել
Հետպատերազմական մանկության քաղցած տարիներին Ժորա Սարգսյանը երազանք է պահել՝ կառուցել այգի ունեցող տուն, որտեղ յուրաքանչյուրը կարող է վայելել բնությունն ու Արաքսի տեսարանն իր ողջ գեղեցկությամբ: Այժմ Ժորա պապի «Կազակաշենը» ճանաչում են հայրենի Մեղրիի սահմաններից դուրս։
«Կազակ» մականունը Ժորա Սարգսյանը ստացել է դեռևս հետպատերազմական տարիներին։ Այդ օրերին Մեղրի էին բերել հայտնի «Կուբանի կազակները» ֆիլմը, և տեղի տղաները, ոգեշնչվելով հերոսներից, այդպես անվանեցին իրենց 8-ամյա ընկերոջը։ Պատճառն ազարտն էր, որով նա առաջնորդում էր ընկերներին վազելու լեռներով կամ մտնելու կոլտնտեսության այգիներ ու դաշտեր՝ վարունգ կամ խնձոր թռցնելու ու ինչ-որ կերպ քաղցը հագեցնելու համար:
Հենց այդ ժամանակ ծնվեց Ժորայի երազանքը՝ տուն կառուցել և շուրջն այգի հիմնել, որտեղ բոլորը կարող էին ցանկալի հյուր զգալ իրենց։
Ավելի քան 60 տարի անց նա իր երազանքը կյանքի կոչեց։ Այսօր Ժորա պապի տունն ու այգին՝ «Կազակաշեն» անվամբ, հայտնի են ոչ միայն Մեղրիում, այլև նրա սահմաններից դուրս:
© Sputnik / Aram Nersesyanժորա Մելքոնյանն ու կինը` Փիրուզան
ժորա Մելքոնյանն ու կինը` Փիրուզան
© Sputnik / Aram Nersesyan
Տասնամյակներ անց
Իր հորը Ժորան երբեք չի տեսել․ նա մեկնել է ռազմաճակատ և անհետ կորել։ Այրիացած մայրը Կարճևան գյուղից տեղափոխվել է Մեղրի՝ աշխատանքի անցնելով պահածոների գործարանում, որը հայտնի էր ամբողջ հանրապետությունում։ Այնտեղ արտադրվում էր հայտնի թզի մուրաբան, այդ թվում՝ օդաչուների համար հատուկ պատվերներով։ Եվ ժամանակներն այնպիսին էին, որ ինչ-որ բան տուն տանելու մասին խոսք լինել չէր կարող։
Աղքատ էին ապրում. ուտելիքը մի կերպ էր բավականացնում, բայց Ժորան չէր բողոքում. օրերով անհետանում էր կա'մ այգիներում, կա՛մ էլ, Աստված գիտի, թե որտեղ։
© Sputnik / Aram Nersesyanժորա Մելքոնյան
ժորա Մելքոնյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մի տեղից հեռախոսի ապարատ էինք ճարել` մի կտոր մետաղալարով, և ես դրանով վազվզում էի սարերով ու ձորերով, «ջոկատիս» հրամաններ տալիս։ Այն ժամանակ տղաները վայրի ձևով էին խաղում. քարեր էին շպրտում իրար վրա՝ արյուն, կապտուկներ ... բայց, փառք Աստծո, վատ ճանապարհով չգնացի և չմոռացա երազանքիս մասին», - հիշում է Ժորան։
60-ականների վերջին որոշեց տեղափոխվել Լենինգրադ։ Մեծ քաղաքում ապրեց ու աշխատեց ավելի քան 45 տարի, իսկ 2011-ին երեխաներին և թոռներին ասաց, որ ուզում է վերադառնալ հայրենիք: Տան համար նա տեղ ընտրեց Արաքսի բարձրադիր ափին, որը դեռ մանուկ հասակում էր սիրել։
© Sputnik / Aram Gareginyanժորա Մելքոնյանի տունը
ժորա Մելքոնյանի տունը
© Sputnik / Aram Gareginyan
Շատ աշխատանք էր պահանջվում։ Սկզբում ստիպված էր մաքրել տարածքը շինաղբից, որն այստեղ էր 90-ականներից։ Հետո պետք էր հողը լցնել, բայց քարքարոտ Մեղրիում հող համարյա չես գտնի։ Տեղի հիվանդանոցի շինարարներն օգնեցին՝ շինհրապարակից հող բերեցին։ Ջուրը տուն տանելուն օգնեց Ճանշինի ղեկավարը։ Ժորա պապը խոստովանում է` հավաքած գումարը չէր հերիքի առանց այս և մյուս մարդկանց օգնության։
Զգուշացե՛ք, երազանքներն իրականանում են
2011 թվականից ի վեր Ժորա պապի այգում եղել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Մեկը զարմացել է, մեկը` հիացել, շատերն էլ եկել են պարզապես հաճույքի համար, բայց երբեմն, ավաղ, բառի ամենաանհավանական իմաստով։
Զարմանալի բաներ շատ կան. ոչնչով աչքի չընկնող ճամփեզրից հանկարծ հայտնվում ես իսկական դրախտում, որտեղ արահետների երկայնքով աճում են թուզ, նուռ, արմավ և աշխարհի բոլոր ծաղիկները: Արահետը տանում է դեպի դիտահարթակ, որտեղից Արաքսն է` ասես ափի մեջ։
© Sputnik / Aram GareginyanԱրաքսը ժորա Մելքոնյանի տնից
Արաքսը ժորա Մելքոնյանի տնից
© Sputnik / Aram Gareginyan
«Ինչպե՞ս չզբոսնել հրճվանքով»,– հեգնանքով նկատում է Ժորա պապը և պատմում վերջին երկու դեպքերի մասին։
Առաջինը տեղի է ունեցել վերջերս. «հյուրերը» եկել են, և տիրոջը ողջունելու համար ժամանակ «չվատնելով»` սկսել զբոսնել այգում՝ լուսանկարելով գեղեցիկ ծառերն ու գետի տեսարանը։ Աղջիկներից մեկը ծառից հասած նուռ է քաղել։
«Անուշ լինի, բայց գոնե բարևեիք», - ասել է Ժորա պապը:
Զրո արձագանք:
Զբոսաշրջիկները հեռացել են նույնքան լուռ, որքան լուռ եկել էին՝ առանց շնորհակալություն ասելու։
Երկրորդ դեպքը եղել է մայիսին։ Դպրոցականներով ավտոբուսը մտել է այգի։ Տեսնելով ծառի վրա չհասունացած «ծիրանները»՝ նրանք մոլուցքով սկսել են պոկել դրանք։ Ճիշտ է, շուտով պարզել են, որ դրանք ամենևին էլ ծիրան չեն, այլ խակ նեկտարիններ՝ շատ դառը։ Մոտ կես կիլոգրամ պտուղ պոկելուց և գետնին գցելուց հետո երեխաները վազել են ավտոբուս: Ի հավելումն, նրանցից մեկը ծառի ճյուղերից մեկը կոտրել է։
© Sputnik / Aram Gareginyanժորա Մելքոնյանի այգին
ժորա Մելքոնյանի այգին
© Sputnik / Aram Gareginyan
Արաքս գետի տեսարանը Մեղրիում՝ Ժորա Մկրտչյանի «Կազակաշեն» այգուց
«Չդիմացա. նստեցի մեքենան, գնացի նրանց հետևից։ Հասա Մեղրիում, քաղաքային սուպերմարկետի մոտ։ Մոտեցա ու ասացի՝ ի՞նչ եք արել, երեխեք։ Ձեզնից ո՞վ է դա արել: Նրանցից մի աղջնակ մի տեսակ ցուցադրաբար ասաց՝ ես։ Այդ ժամանակ տղաները սկսեցին աքլորանալ աղջիկների առջև, բոլորը գոռալով ասում էին՝ ե'ս եմ արել, ե'ս եմ արել։ Եվ մեծահասակներից ոչ ոք սաստող ոչ մի խոսք չասաց նրանց», - հիշում է Ժորա պապը։
Իսկ գետափին զբոսնում են աղջիկներ, զբոսնում են տղամարդիկ...
Պետք է ասել, որ այդ դրվագների «հերոսները» տեղացի էին՝ Մասիսից և Կապանից։ Բայց, ինչպես Ժորա պապն է ասում, այդպիսի «կադրեր» կան ամբողջ Հայաստանում։ Նրանց մեջ կան և' Արաքսին նայելիս մտախոհ ծխողներ, և' իրենց «հետքը» ծխախոտի մնացորդներով ու այլ աղբով թողնողներ, և', իհարկե, քաղաքի աղջիկների հետ մինչև կեսգիշեր խրախճանք անողներ։
Մի պահ Ժորա պապի համբերության բաժակը լցվել է, և նա սկսել է նման «հյուրերին» վռնդել հենց դարպասի մոտից։ Հիմա դիտողություններ է անում նաև նրանց, ովքեր, վայելելով Արաքսի տեսարանը և նուռ, դեղձ կամ մուշմուլա ուտելով, մնացորդները նետում են ուր պատահի։
«2011 թվականից ի վեր ունեցել եմ, եթե սուտ չասեմ, մի 40-50 հազար հյուր։ Նրանց կեսից ավելին այդպիսին են», - հոգոց է հանում Ժորա պապը։
Այս ամենը տեսնելով՝ նա սկսել է հատկապես ձգտել տեսնել լավը՝ թե' այս ափին, թե' իրանական, որն ամբողջ օրն աչքի առաջ է։
«Այնտեղ ավելի քիչ աղբ են թափում և վախենում են գողանալ», - ասում է նա:
«Աչքովս եմ տեսել, որ եթե անասունը գնում-հասնում է հարևանի տան մոտ, անմիջապես հետ են քշում, որ ուրիշի արտը չփչացնի։ Իսկ մերոնք կասեն՝ լավ է, էլի, թող ուրիշի հաշվին կշտանա։ Իհարկե, այնտեղ էլ գողեր կան, մեզ մոտ էլ կան շատ ազնիվ մարդիկ։ Պարզապես մենք մի տեսակ սովոր չենք հարգել ո'չ մեր օրենքները, ո'չ մեր երկիրը», - ավելացնում է Ժորա պապը։
Եվ կրկին մոր մասին
«Լավ մարդիկ էլ կան, առանց նրանց ո՞նց կլինի», - Ժորա պապն անմիջապես հիշում է մորը: Հայրենի Կարճևանում, պատմում է, տները հայտնի էին իրենց մաքրությամբ. տանտիրուհիները գրեթե ամեն օր պատերն ու աստիճանները մաքրում էին ավազով։
«Շնորհակալ եմ նրան, որ այդ մաքրությունն ինձ էլ է փոխանցել»,-ասում է 83-ամյա Ժորան:
Հիշում է նաև իր հյուրերին, որոնք հարյուրավոր կիլոմետրեր են անցնում Հայաստանի տարբեր անկյուններից և արտերկրից՝ իրեն բարի խոսք ասելու և բնությունը վայելելու համար:
«Գալիս են, կանգնում, նայում պայծառ դեմքերով... նայում ես նրանց ու ամեն վատ բան միանգամից մոռանում։ Եթե դարպասները փակեմ, ո՞ւմ համար է լինելու այս ամենը», –ասում է։
© Sputnik / Aram Gareginyanժորա Մելքոնյանի այգին
ժորա Մելքոնյանի այգին
© Sputnik / Aram Gareginyan
Նվեր Ռուբեն Վարդանյանին
Ժորա պապը մի հյուրի սպասում է հատուկ կարոտով՝ դա Ռուբեն Վարդանյանն է (գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար, գտնվում է Բաքվի բանտում,-խմբ.)։
© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան. արխիվային լուսանկար
Ռուբեն Վարդանյան. արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
4 տարի առաջ հասկանալով, որ իր հարազատներն այստեղ չեն ապրելու, Ժորա պապը որոշել է վաճառել իր «Կազակաշենը»։ Խնդրել է ճիշտ այնքան գումար, որքան ներդրել է տան և այգու համար։ Վարդանյանը, որը մեկ անգամ չէ, որ եղել է այստեղ և միշտ մեծ հաճույքով, համաձայնել է, բայց պայմանով։
«Նա ինձ ասաց` քանի դեռ ողջ ես, այստեղ գեներալ-գուբերնատորի տեղը դու ես։ Եթե ինչ-որ բան պետք է, անմիջապես ասա», - ժպտալով հիշում է Ժորա պապը։
Հիմա նա Վարդանյանի համար տաղավար է կառուցում այգու ամենագեղեցիկ անկյունում։ Եվ միակ բանը, որի մասին երազում է, ապրելն է մինչև այն օրը, երբ սիրելի հյուրը, իսկ հիմա նաև նոր տերը, կվերադառնա և կտեսնի իր համար պատրաստված նվերը։