Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր
16:31 28.08.2023 (Թարմացված է: 16:33 28.08.2023)
© Photo : press office of Yerevan municipality Պարեկները Երևանում
Պարեկները Երևանում. Արխիվային լուսանկար
© Photo : press office of Yerevan municipality
Բաժանորդագրվել
Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց կաշառք առաջարկելու դեպքեր են բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդը փորձել է որպես կաշառք 20.000 դրամ դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին Ա. Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթով հիմնավորվել է, որ պարեկներ Ն. Ս.-ն և Ռ. Գ.-ն կանգնեցրել են վարորդ Ա. Բ.-ի կողմից վարած ավտոմեքենան, քանի որ կասկածել են, որ վարորդը սթափ չէ։
Պարզելով, որ Ա. Բ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ ընթացքում Ա. Բ.-ն պարեկ Ն. Ս.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ այն մտցնելով վերջինիս տաբատի գրպանը: Նշված անձը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն և Մ. Ս.-ն Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան և ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն և Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
Այդ ընթացում Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին և ձեռքսեղմամբ նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին Ճ. Շ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Ա. Ս.-ին, Ա. Բ.-ին և Ճ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել։
Երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: