ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքում գտնվող անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը։
«Արտադրությունում կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննությունների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ: