ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Գորիսում շինարարական եռուզեռ է։
«Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում»,– Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնում է Պապիկյանը։
Նա տեղեկացնում է, որ վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։
Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը: