Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։
Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։
Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։
-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։
-Կարո՞ղ ես ծանոթացնել։
-Հեշտ ու հանգիստ։
․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․
- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։
Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։
Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․
-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։
Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։
Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։
Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։
…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։
-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։
Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։
Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։
․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։