ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ–ում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարությունը 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 5.5 մլրդ դրամ է ծախսել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` հրապարակելով ծախսերի աղյուսակը։
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Ըստ այդ աղյուսակի`
- վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 2.990.516.249 դրամ,
- բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 944.091.534 դրամ,
- Covid-19-ի շրջանակներում պարգևատրումները` 32.401.889 դրամ,
- պաշտպանիչ միջոցներով հագեցվածության ծախսերը` 19.309.746 դրամ,
- դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության ծախսերը` 1.423.540.261 դրամ,
- բշկական սարքավորումներով հագեցվածության ծախսերը` 44.900.114 դրամ,
- բժշկական կենտրոնների վերանորոգման ծախսերը` 52.343.206,
- այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումները` 87.299.220։
Այս բոլորի հանրագումարը 5.594.402.219 դրամ է կազմել։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 219353–ի: