ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանական գործողությունների փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:
«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը հայտարարեց, որ դատախազությունն արդարադատությանը ծառայելու փոխարեն շարունակում է սպասարկել ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, կապիտուլյացիայի դավադիր փաստաթուղթը ստորագրած վարչապետի շահերը:
«Մենք պահանջում ենք, որ դադարեցնեն իրենց այդ պահվածքը, դադարեցնեն նաև այն ընդդիմադիրների հետապնդումները, որոնք պայքարում են այս ամենի դեմ և անցնեն իրենց հիմնական գործին՝ ծառայել ոչ թե վարչախմբին, այլ ՀՀ-ին»,- ասաց Հակոբյանը:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը միացել է իշխանափոխության համար պայքարող 16 քաղաքական ուժերին, ինչպես նշեց կուսակցության նախագահը, այսօր բանավոր կոչով միայն իր անունից է դիմում դատախազությանը: Հետագայում արդեն գրավոր պահանջը կներկայացվի գործընկեր կուսակցությունների միասնական դիրքորոշման ձևով:
«ՀՀ դատախաությունն այս իրավիճակում պետք է մի շարք գործեր հարուցեր, քրեական հետապնդումներ սկսեր, որպեսզի պարզաբանվեր, թե ինչպե՞ս եղավ, որ մենք այս պատերազմին անպատրաստ եղանք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որ ունեինք, չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, թե ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այտեղ պիտի չլինեին»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
«Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում