Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետը հիմա հոգեբանական առումով գտնվում է ոչ սթափ վիճակում, որովհետև կատարվածի համար նրա վրա կա շատ մեծ ճնշում և պատասխանատվություն։ Ինչպես նաև կան հանրային մեղադրանքները, որոնք հնչում են ամեն օր։
Ըստ նրա` ազդեցություն են ունենում հատկապես «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումները, հետևաբար Փաշինյանը փորձում է այդ ամենի համար գտնել որևէ արդարացում` ցույց տալով, որ կային իրենից անկախ սուբյեկտիվ հանգամանքներ։
«Վարչապետը փորձում է նաև պատասխանատվությունը կիսել այլոց հետ` ներքաշելով նրանց դրա մեջ։ Այսինքն` նա կաշին փրկելու խնդիր ունի։ Եթե հրաժարական չի տալիս, ապա դա ունի ինքնապաշտպանական բնույթ` նա վախենում է պետական պաշտպանությունից զրկվելու և դատարանի առջև կանգնելու հեռանկարից, ինչն անպայման տեղի է ունենալու»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու դրդապատճառները վերոհիշյալ գործոնների հաշվառման պարագայում լիովին հասկանալի են։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։