ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում խոստացել է իր անձնական միջոցներով օժանդակել Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին` նա շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը և նշել, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Արմեն Սարգսյանը նշել է նաև, որ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու»,– գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանն ասել է, որ Արցախը կարող է 2-3 անգամ շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։
Հիշեցնենք` ՀՀ նախագահն Արցախ է մեկնել հուլիսի 10-ին: Աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել իր գործընկերոջ Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Արմեն Սարգսյանը նաև հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: