ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ԱԺ–ում կներկայացնի հունվարի 28-ին կատարված ձերբակալությունների հիմքերը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ԱԺ–ում կներկայացնի հունվարի 28-ին կատարված ձերբակալությունների հիմքերը։ Նրա խոսքով` վաղը ԱԺ–ում նախատեսված է Արման Սարգսյանի հետ հանդիպում, որի ընթացքում կհնչի նաև այդ հարցի պատասխանը։
Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն
«Մենք նախապես պլանավորել էինք հանդիպում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ և այս հարցը ևս ուղղվելու է նրան։ Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա, եթե իրենք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,– ասաց Մակունցը։
Հիշեցնենք` հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Երևանի կենտրոնական փողոցներից բերման էին ենթարկել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին ու շարժման անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին ու Գրիգոր Մինասյանին։
Կյանքս վստահում եմ քեզ. ինչպես է ոստիկանապետը բանակցում կրակոցներ արձակածի հետ. տեսանյութ
Բերման ենթարկված ակտիվիստները որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։ Ոստիկանության հայտարարության համաձայն` նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Բերման ենթարկվածների ու նրանց փաստաբանների հայտարարությունների համաձայն` որևէ մեկի մոտ զենք կամ այլ արգելված առարկա չի հայտնաբերվել։
Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները պայքարում են «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) դեմ և պահանջում արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։ Կազմակերպության անդամները 2019թ–ի ընթացքում բողոքի ակցիաներ են իրականացրել «Բաց հասարակությունների գրասենյակի» երևանյան շենքի դիմաց։
«Մեր առջև մեկ խնդիր էր դրված». Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին
Օրերս Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական, ինչը փաստացի ազատում է հիմնադրամից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին) մի շարք հարկերից։