ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ոստիկանության շենքի դիմաց և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։
Նախաձեռնության անդամները կարծում են, որ «թավշյա հեղափոխությունը» չի կարող ավարտված համարվել, քանի դեռ ՀՀ-ն շարունակում է ունենալ իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ ու վարքագծով:
«Մենք համոզված ենք, որ առանց պետական կառույցների հանդեպ վստահության հնարավոր չէ «թավշյա հեղափոխությունն» ավարտված համարել: Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և հավելեց, որ փորձելու են հանդիպել իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչների հետ:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հայտնեց, որ լիազորված չէ որևէ հարցի պատասխանել, միայն փոխանցեց, որ ոստիկանապետն իր մի քանի աշխատակիցների հետ ԱԺ-ում է։ Նախաձեռնության անդամներն էլ հայտարարեցին, որ չեն պատրաստվում տուն գնալ և սպասելու են ոստիկանապետին։
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ բողոքի ակցիա իրականացրին նաև ԱԱԾ-ի շենքի դիմաց` հայտարարելով, որ ԱԱԾ-ից չեն վախենում:
Հայաստանում ժողովրդավարությունը կախված չի լինի լիդերի կամ քաղաքական ուժի ճաշակից. վարչապետ
Ըստ նրանց՝ ՀՀ քաղաքացին չպետք է վախենա ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից կամ դատարաններից. այս կառույցները պետք է պաշտպանեն քաղաքացիների ազատությունն ու իրավունքները: