ԵՐԵՎԱՆ, 1 Նոյեմբեր — Sputnik. Հեմոդիալիզի ծառայությունների համար հատկացվող պետական միջոցներն 2020թ–ի համար աճել են։ Այս մասին այսօր ԱԺ–ում, բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Շատ վատ է, որ աճել է, որովհետև քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներն են շատացել, որոնք ստիպված պետք է հեմոդիալիզ անցնեն։ Այսինքն` մենք շատ ուրախ կլինեինք, որ ոչ դրամ աճ չլիներ և պացիենտների քանակը մնար նույնը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ մարզերի բնակիչները հեմոդիալիզ ստանալու համար երբեմն ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել։ Օրինակ` Սիսիանից հասնել Գորիս։ Տավուշի մարզի միակ հեմոդիալիզի սարքը Նոյեմբերյանի հիվանդանոցում է, Գեղարքունիքինը` Գավառում։ Արագածոտնի մարզում ընդհանրապես նման հնարավորություն չկա։
«Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում շաբաթական 3 անգամ հեմոդիալիզի համար տնից հասնել այլ քաղաք։ Այդ մարդիկ պարզապես այլ բանով չեն կարող զբաղվել։ Ճիշտ է` ապրում են, բայց շատ ցածր կյանքի որակով»,– ասաց Թորոսյանը։
Նախարարը կարևորեց, որ պետությունը կարողանա սոցիալական կամ ՏԻՄ ծրագրերով ապահովել հիվանդների ճանապարհածախսը։ Իսկ Առողջապահության նախարարությունը փորձում է հարցը լուծել այլ ճանապարհով` ավելացնելով հեմոդիալիզ իրականացնող բուժհիմնարկների թիվը։ Նրա խոսքով` առաջիկայում այդ սարքավորումով կապահովվի Մարտունու հիվանդանոցը, որտեղ հիվանդների թիվը բավական մեծ է։
«Երբ որ մեր երազած երկիրը ունենանք, օրինակ` փոխպատվաստում անենք և իջեցնենք հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների թիվը, մենք կարող է հասնենք նրան, որ ամեն անհատ իր տանն ունենա անհատական դիալիզատորը, ինչպես ԱՄՆ–ում է, բայց մենք առայժմ շատ հեռու ենք դրանից»,– ասաց Թորոսյանը։
Նշենք, որ 2019թ–ին Հայաստանում հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվը կազմել է շուրջ 1000։ Յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը վճարում է 18 հազար 100 դրամ։
2020 թ-ին հատկացումն աճել է շուրջ 201 մլն դրամով։