Տարիներ շարունակ Թուրքիայի նախկին իշխանավորները փորձում են որոշակի նոր ուժային կենտրոն ձևավորել, և այդ գործընթացները, կարծես թե, մոտենում են իրենց ավարտին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասում է Վարուժան Գեղամյանը։
«Ահմեդ Դավութօղլուն այդ գործընթացի` ամենամեծ ակտիվություն ցուցաբերող մասնակիցներից մեկն է, որն իր վրա է վերցրել նոր ձևավորվելիք ուժի առաջացման համար անհրաժեշտ՝ իշխանություններին քննադատելու պարտականությունը»,- ասում է թուրքագետը։
Նրա կարծիքով` դա է պատճառը, որ վերջին շրջանում Դավութօղլուն հանդես է գալիս երկրի իշխանությանն ու մասնավորապես նախագահ Ռեջեփ Էրդողանին և նրա ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն ուղղված քննադատությամբ։
«Որոշ աղբյուրների համաձայն` թեև նոր ուժային կենտրոնի ձևավորման հետևում կանգնած են Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը, այդուհանդերձ, վերջինը մինչև օրս որևէ վճռական քայլ չի արել»,- ասում է Գեղամյանը։
Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել
Նրա խոսքով` Թուրքիայում կա հանրային ընկալում, որ Աբդուլահ Գյուլը երբեք չի գնա ուղիղ հակամարտության՝ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։
«Ինքը՝ Գյուլը, որևէ դիրքորոշում դեռ չի արտահայտել, հետևաբար այս պահին դժվար է խոսել նոր ձևավորվող ուժի կարող լինելու մասին»,- ասում է թուրքագետը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության գործունեությունը՝ հայտարարելով, որ քաղաքական այդ ուժը մի ժամանակ հավատարիմ էր արդարության, խոսքի և մտքի ազատության սկզբունքին, սակայն վերջին երեք տարիների ընթացքում այդ ֆունդամենտալ արժեքներն անտեսվում են։
«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան