ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. 2018թ.–ի նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսի տակ ընկած Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան գլխավոր վարկածն այն է, որ դիսպետչերները խախտել են տեխնիկական կանոնակարգը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտային միջշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին։
2018թ.–ի նոյեմբերի 20–ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա հայտնաբերվել է 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի դին, որը շասսիի հարվածից մահացու վնասվածք էր ստացել։ Հայտնում էին, որ տղային արտաքսել են Իսպանիայից, սակայն Մոսկվայում ինքնաթիռի նստեցման ժամանակ նա փախել է, ինչը նրա ողբերգական մահվան պատճառ էր դարձել։
«Եփրեմյանի` թռիչքուղի թափանցելու հիմնական վարկածը քննությունը համարում է ուղևորների վայրէջքի և գրանցման դիսպետչերների խմբի կողմից ուղևորների սպասարկման և ուղեբեռի գրանցման տեխնիկական կանոնակարգի խախտումը», – հայտարարել է Վազյուլինը։
Նա հավելել է, որ քննությունը ստուգում է պատահարի հնարավոր վարկածները։ Միաժամանակ, քննիչները հակված են այն կարծիքին, որ ուղևորին ուղղակի աչքաթող են արել։
Վազյուլինի խոսքով` հիմա ապացույցներ են հավաքում, քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։