ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։
Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ–ի կողմից տարածված հայտարարության մեջ ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Կարագանդայում ստեղծված իրադրությունն ու դրան հետևող իրավիճակը։
Քոչարյանը հիշեցրել է, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։
«Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։
Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:
Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը, մասնավորապես, արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»,–ասված է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: «Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։
Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։
Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։