ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կիրակի օրը մոտ 4 ժամ տևած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետևյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչև վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
«Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։
Թերթը գրում է նաև, որ երեկվա դրությամբ ևս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․ Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու, ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով և նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երևանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։
Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաև Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Երևանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: