ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։
![Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1526/48/15264855_0:0:1200:754_600x0_80_0_0_4108c74a2b276a0a256157aebe63bb81.jpg)
![Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1526/48/15264839_0:26:1200:780_600x0_80_0_0_69a319824ab9c4295d1bfd9e6166d8a5.jpg)
![Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1526/48/15264831_0:0:1200:756_600x0_80_0_0_0ecad8f39e964da68fd1e3b9ff43a610.jpg)
Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլերի» տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։
Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:
Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։
Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։