ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը՝ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: