ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Վերջին 100 օրվա ընթացքում պետական ստուգումները 8-9 անգամ շատ գումար են վերադարձրել Հայաստանի բյուջե, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով` ԱԱԾ-ն միշտ պրոֆեսիոնալ է գործում, հարցը իշխանության քաղաքական կամքի մեջ է, և այստեղ շատ բան է փոխվել։ Այն հարցին, թե նա ինչ նկատի ունի, Վանեցյանը կարճ պատասխանեց. «Ամեն ինչ»։ Ասվածը բացատրելու խնդրանքին ի պատասխան Վանեցյանը խնդրեց իրենից քաղաքական հայտարարություններ չսպասել` հաշվի առնելով, թե որ գերատեսչությունն է ինքը գլխավորում։
ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանն իր հերթին հայտնեց, որ 2018 թվականին ծրագրված էր 107 մլրդ դրամից ավելի հարկ և տուրք հավաքել (220 մլն դոլար), քան 2017 թվականին։ Նա հայտնեց, որ այդ ցուցանիշն արդեն կատարվել է, անկախ նրանից, որ դեռ 7 ամիս է անցել։