ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանում հայտարարել են Koktebel Jazz Party – 2018 փառատոնի առաջին մասնակիցների անունները, Հայաստանը կներկայացնի դաշնակահար Վահագն Հայրապետյանը։
Ղրիմի Koktebel Jazz Party միջազգային ջազային փառատոնի XVI սեզոնի հանդիսատեսները կդիտեն մոտ 20 խմբերի ելույթներ, որոնք ներկայացնում են կատարողներ ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից և այլ երկրներից։
Ռուսաստանը փառատոնում կներկայացնի «Կադանս» համույթը` փողահար, կոմպոզիտոր Գերման Լուկյանովի ղեկավարությամբ, աշխարհահռչակ վիրտուոզ կիթառահար Դմիտրի Չետվորգովի խումբը, սաքսոֆոնահար Սերգեյ Գոլովնիի խումբը և այլք։
Koktebel Jazz Party միջազգային ջազային փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է ամռան վերջին օրերին, այս տարի առաջին անգամ տեղի կունենա Ղրիմի միանգամից հինգ հարթակներում օգոստոսի 24-26–ը։
Koktebel Jazz Party փառատոնն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի, «Ռոսիա 1», «Ռոսիա Կուլտուրա», «Ռոսիա 24» հեռուստաալիքների, «Մայակ», «Կուլտուրա», «Ռադիո Ռոսիի», «Վեստի FM» ռադիոկայանների տեղեկատվական աջակցությամբ։
Փառատոնի կազմակերպիչն է «Կրասնի Կվադրատ» մեդիախումբը։