ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում շնորհավորել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։
«Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար»,- գրել է Աշոտյանը և հրապարակել Սարգսյանի լուսանկարը։
Նրա գրառմանը հաջորդած մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ Սարգսյանն արդեն ավելի քան երկու ամիս գերագույն գլխավոր հրամանատար չէ։
Աշոտյանը պատասխանել է. «Արարողակարգի կանոնների համաձայն` նման բարձրաստիճան կոչումները նախկին չեն լինում և կարող են գործածվել նաև պաշտոնանկությունից հետո»։
Մեկ այլ օգտատեր էլ Աշոտյանին հորդորել է վերադառնալ իրականություն։
«Տարօրինակ կոչ է, որն ավելի շատ իմ անձնական էջը գրաքննելու հորդոր է հիշեցնում։ Մի արեք այդպես, պարզապես մի արեք»,- պատասխանել է պատգամավորը։
Աշոտյանին է միացել նաև ԱԺ պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը։
«Շնորհավոր ծնունդդ, հրամանատար»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր` հունիսի 30-ին, Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 64 տարեկան։
Հիշեցնենք, որ 2008-2018 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած, իսկ դրանից հետո ընդամենը մի քանի օր վարչապետի աթոռին նստած Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը։