ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Վարդան Հարությունյանն այդ պաշտոնում իրեն փոխարինող Դավիթ Անանյանին օգնում է աշխատանքային հարցերում։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց Կոմիտեի նոր պետ Դավիթ Անանյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Հարությունյանը փախել է երկրից, Անանյանը պատասխանեց, որ նման ձևակերպումը սխալ է։
«Նման բան չեմ ասի։ Որքան գիտեմ, նա հանրապետությունում չէ, սակայն ինչու է գնացել` չգիտեմ։ Կարող եմ ասել, որ ես ժամանակ առ ժամանակ որոշ հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց եմ ունենում նրա հետ։ Դա նորմալ գործընթաց է. նախկին ղեկավարը գործերը նորին է փոխանցում։ Հեռախոսազանգերին նա միշտ պատասխանում է», – հայտնեց Անանյանը։
Հարցին, թե արդյոք իր նախորդի նկատմամբ գործ հարուցվելու է, Անանյանը չպատասխանեց` նշելով, որ նա ֆինանսիստ է, ոչ թե քննիչ։