ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթը, հանդիպման ընթացքում, անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ և ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը:
Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով:
Տիկին Ֆարնուորթը կարևորել է նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: