ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Շուրջ 20 տարի առաջ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո կարճ ժամանակով վարչապետ նշանակված Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական խնդիր էր լուծում։ Իշխանությունը հույս ուներ այդ նշանակմամբ մեղմել ներքաղաքական լարումը։ Հաշվարկը սխալ չէր։ Արամ Սարգսյանը կատարեց իր առաքելությունն ու 5 ամիս անց հրաժարվեց վարչապետի պաշտոնից։
2000թ–ի մայիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց ՀՀԿ այն ժամանակվա նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Նրա կառավարման տարիները ընդունված է համարել տնտեսական վերելքի ժամանակահատված։ Նրա օրոք Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ արձանագրեց։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Անդրանիկ Մարգարյանի կառավարման տնտեսական ցուցանիշները, նշեց, որ Մարգարյանի կառավարման վերջին տարում` 2008թ-ին, ՀՆԱ —ի ցուցանիշը հասավ 11 մլրդ 662 մլն դոլարի, տարեկան Հայաստան էր գալիս 2 մլրդ 271 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտ, արտաքին պարտքը նվազագույնն էր վերջին 10-ամյակում` 1 մլրդ 577 մլն դոլար։ Տարեկան արտագաղթը 23 100 մարդ էր, գործազրկությունը` 16.4%, աղքատությունը`27.6%:
«Այդ տարիներին Հայաստանը գրեթե իր պետական բյուջեի չափով մասնավոր տրանսֆերտներ էր ստանում, որի 90%-ը` Ռուսաստանից, քանի որ ՌԴ-ն ևս վերելքի փուլում էր»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսական երկնիշ աճի ֆենոմենալ ծավալն այդ տարիներին ապահովում էին շինարարության ոլորտում կատարված ներդրումները։
Բայց դրականին զուգահեռ Անդրանիկ Մարգարյանի օրոք նաև բազմաթիվ բացասական երևույթների սաղմեր դրվեցին տնտեսության մեջ, որոնք հետո այլևս արմատախիլ անել չհաջողվեց։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` հենց 2000-ականներին ՀՀ տնտեսության մեջ արմատավորվեցին կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ կառուցվածքներն ու իշխանության հետ բիզնեսի սերտաճումը։
Դրանք, սակայն, մինչ 2008թ-ի տնտեսական ճգնաժամը այնքան էլ նկատելի չէին, քանի որ տնտեսությունն ու աշխատավարձերն աճում էին, աղքատությունը` նվազում։
Անդրանիկ Մարգարյանի մահից հետո վարչապետ նշանակված ՀՀԿ հաջորդ ղեկավար Սերժ Սարգսյանը կարճ կառավարեց` մինչև 2008թ-ի ապրիլը, որից հետո Հայաստանի տնտեսության ղեկը փոխանցվեց Տիգրան Սարգսյանին։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` Տիգրան Սարգսյանը, թեև իր նախորդներից ստացավ բարձր տնտեսական աճով ու արտաքին մեծածավալ ներարկումներով տնտեսություն, բայց նրա բախտը չբերեց։
«Նա եկավ խոստումնալից ծրագրով ու թիմով, որում հիմնականում երիտասարդ, լավ ուսում ստացած պրոֆեսիոնալ կադրեր էին, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանին ամենամեծ հարվածը հասցրեց»,- ասաց Ատոմ Մարգարյանը ։
Հարվածի ուժը կրկնապատկեց Անդրանիկ Մարգարյանի ժառանգություն թողած տնտեսության մոնոպոլիզացվածությունը, կոռումպացվածությունն ու շինարարական ոլորտի դոմինանտ լինելու հանգամանքը։ Շինարարությունը կանգ առավ, տնտեսության աճը փոխվեց անկման։ Մեկ տարի անց` 2009թ-ին, ՀՆԱ-ի ցուցանիշը 11 միլիարդից նվազեց 8 մլրդ 648 մլն-ի, մասնավոր փոխանցումները կրճատվեցին մինչև 1.5 մլրդ դոլար։
Միաժամանակ բարձր տեմպերով աճեց պետական պարտքը. 2013թ-ից հետո արտաքին պարտքը հասավ 4.5 մլրդ դոլարի։
Տնտեսությունը փրկելու համար Տիգրան Սարգսյանը դիմեց արտաքին ֆինանսավորման աղբյուրներին`Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական բանկի, Արժույթի Միջազգային հիմնադրամի և այլ դոնորների աջակցությանը։
«Տիգրան Սարգսյանի կառավարության «հաջողությունները» պայմանավորված էին դոնորների բարեհաճությամբ, և դրանում մեծ դեր ունեցավ Տիգրան Սարգսյանի մեծ վարկանիշն այդ կառույցներում, որ նա ուներ ՀՀ ԿԲ նախագահ աշխատած տարիներին»,- ասաց տնտեսագետը։
Չնայած արտաքին ներարկումներին, Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին մեծացավ սոցիալական բևեռացումը։ 2013թ-ին աղքատության մակարդակը Հայաստանում հասավ 35.8%-ի։
Սարգսյանին փոխարինած Հովիկ Աբրահամյանի բախտը ևս չբերեց։ Նրա կառավարման տարիները համընկան Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական խստագույն պատժամիջոցների հետ։ Հայաստանի տնտեսության դիմաց փակվեցին ոչ միայն տրանսֆերտների, այլև արտահանման ավանդական շուկաների դռները։
«Այս պարագայում այդ կառավարությունը մեծ բան անել չէր կարող, նրա հիմնական ֆունկցիան բյուջետային համակարգի կայունություն ապահովվելն էր»,- ասում է Ատոմ Մարգարյանը։
Այդ տարիներին շարունակվում էր նաև Տիգրան Սարգսյանի օրոք սկսված ներդրումների անկումը, արտագաղթի տեմպերն աճում էին։ 2014-ին, պաշտոնական տվյալներով, Հայաստանից հեռացել է 47 000, 2015-ին`47 675, 2016-ին` 54 000 մարդ։ Գործազրկությունը հասել է 19, աղքատությունը` 30 %-ի։
Այս իրողությունները 2016-ի աշնանը հանգեցրին Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականին։
Նրանից հետ երկրի տնտեսության ղեկը հանձնվեց հանրության վստահությունը վայելող Կարեն Կարապետյանին։
«Կարեն Կարապետյանի կառավարությունն իշխանության եկավ շատ լուրջ նախընտրական PR-ով։ Շատ բաներ մատուցվում էին նախընտրական սկուտեղի վրա»,-մեկնաբանելով Կարապետյանի մուտքը գործադիր իշխանություն` ասաց Մարգարյանը։
2017թ-ի ընտրություններին ՀՀԿ-ի քարոզչական հիմքը նախապատրաստելուց բացի, Կարեն Կարապետյանի վրա դրվեց նաև արտաքին պարտքի սպասարկման, պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման խնդիրների լուծման պարտավորությունը։
Կարապետյանի կառավարությունը ևս կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ որևէ քայլ չարեց` կառավարման 19 ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարելով դրա անհնարինության մասին։
Ու թեև այս կառավարությունը տպավորիչ ցուցանիշներ ապահովեց 2017թ-ին` տնտեսական աճի 7.5%-անոց աճով, բայց դա բավական չեղավ հանրությանը համոզելու համար։
«Վերջին 5 տարիներին` 2012-17թթ-ին պետական ծախսերն ավելացել են 43%-ով, բայց ընդհանուր սպառումը նույն ժամանակահատվածում աճել է 3.8%-ով, տնային տնտեսությունների ծախսերը` 1.1%-ով։ Այսինքն` պետությունն իր ծախսերն ավելացրել է, իր ծառը ջրել է, բայց քաղաքացիների եկամուտների ավելացում չի եղել։ Եթե ընդհանուր գնահատական տանք Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի կառավարման տարիներին, տնտեսական աճի պտուղներից բնակչության մեծ մասն անմասն է մնացել»,- ասաց տնտեսագետը` հենց այս հանգամանքով պայմանավորելով նաև համաժողովրդական բողոքի ալիքի ուժգնությունը։
Կարեն Կարապետյանին ընդամենը 6 օրով փոխարինած Սերժ Սարգսյանը, թեև չհասցրեց կառավարություն կազմել ու ներկայացնել տնտեսական քաղաքականության իր կուրսը, բայց հասցրեց տալ խոստում, որն այդպես էլ մնաց օդում կախված։ Վարչապետի պաշտոնում տված իր միակ հարցազրույցում (ապրիլի 20-ին) Սերժ Սարգսյանը խոստացավ բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը` թերևս գիտակցելով վերջին 10 տարիներին ՀՀԿ-ի վարած տնտեսական քաղաքականության կործանարար հետևանքները։ Բայց գնացքն, ինչպես ասում են, արդեն մեկնել էր։
Այսօր Հայաստանի ՀՆԱ-ի 60%-ից ավելին, Ատոմ Մարգարյանի հաշվարկով,կենտրոնացած է Հայաստանի 100 ընտանիքների ձեռքում։ Աշխատավարձերն ու թոշակներն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, գործազրկությունն ու աղքատությունը թույլատրելի շեմից բարձր են, պետական պարտքն ամենաբարձրն է Հայաստանի գոյության ամբողջ ընթացքում։
Թե տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու ինչ դեղատոմսեր կառաջարկի ՀՀԿ 5 վարչապետներից հետո գործադիր իշխանության կառավարումը ստանձնած Նիկոլ Փաշինյանը, դեռ անհայտ է։ Հանրությունն ու մասնագիտական շրջանակները սպասում են նրա կառավարության ծրագրին։