ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին նշված է Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության համաձայն`դեսպանը կարևորել է ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու Կարեն Կարապետյանի դիրքորոշումը`նշելով, որ այն համահունչ է միջազգային գործընկերների դիրքորոշմանը:
Սվիտալսկին նաև կարևորել է, որ վիճակը կարգավորվի երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում։
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։