ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը, պետական գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակիցները անխափան շարունակելու են աշխատանքը։ Այսօր կառավարության արտահերթ նիստում նման հանձնարարություն է տվել ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում,- ասել է Կարապետյանը,- այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք»:
Կարապետյանը նաև զգոնության կոչ է արել իրավապահներին ու զինվորականներին, ինչպես նաև քաղաքացիներին ու քաղաքական ուժերին` ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:
Ըստ Կարապետյանի` ապրիլի 24-ին Հայաստանը պետք է կարողանա ամբողջ աշխարհին ցույց տալ, որ կրիտիկական պահերին կարող է համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել: