ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Կոտայքի մարզում ՊՆ 32-ամյա աշխատակիցը խմած վիճակում Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 4-ին, Երևանում։ Ժամը 19։00-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ կայքի` վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վալեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում. սթափության աստիճանը գերազանցել է սահմանված չափը։
Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Է. Պետրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Toyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, որն այդ պահին ավտոմեքենայում չի եղել։