ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը: Նախնական տեղեկություններով՝ Կ. Մելքոնյանը գողություն կատարելու նպատակով ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն: Այդ ժամանակ տուն է վերադարձել տան տերը։
Մելքոնյանը, նկատելով Հ. Խաչատրյանին, հարվածել և գցել է գետնին և իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է թիկունքին, որից հետո հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու բաճկոնը և դիմել փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: