ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները կախված են գործող նախագահների գործունեությունից։ Դա են փաստում «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով իրականացված հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է Երևանում և ՀՀ մյուս մարզերում տարբեր տարիքային խմբերին պատկանող 1000 քաղաքացիների շրջանում: «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպության համանախագահ Ծովինար Կոստանյանի տեղեկացմամբ` հարցման մասնակիցներին երեք հարց է առաջարկվել։
Հարցին, թե ինչ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի երկրի ղեկավար լինելը հայ-ռուսական հարաբերությունների վրա, հարցախույզին մասնակցողների 44%-ը պատասխանել է, որ դա ապահովում է Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, 52%-ի կարծիքով նախագահը նպաստում է Հայաստանի` ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված լինելուն, իսկ ընդամենը 4%-ը համոզված է, որ ոչ մի ազդեցություն չունի:
Հարցվողները պատասխանել են նաև «Ի՞նչ գործոններ են նպաստում այժմյան հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վրա» հարցին։
«Հարցվածների 37%-ի կարծիքով երկու երկրների հարաբերությունների վրա ազդում է նախագահների ճիշտ աշխատանքը, 28%-ի կարծիքով` աշխարհաքաղաքական շահերը, 23%-ը համոզված է, որ ՌԴ-ի մեծ հայկական համայնքն է դրան նպաստում, իսկ 12%-ը կարծում է, որ հիմնական գործոնը երկու ժողովուրդների պատմական մտերմությունն է», — նշեց կազմակերպության փոխնախագահ Արման Ղուկասյանը։
Հարցին, թե Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահ լինել ինչ ազդեցություն ունի Հայաստանի վրա, հարցվողների 39%-ը նշել է, որ այդկերպ հնարավոր է տարածաշրջանում կայունություն ապահովել, 28%-ի կարծիքով Հայաստանում որոշակի տնտեսական բարեկեցությունը նույնպես պայմանավորված է Պուտնինի նախագահ լինելու հանգամանքով, 32%-ը համոզված է, որ Վ. Պուտինի նախագահ լինելու փաստն ապահովում է Ռուսաստանում հայ համայնքի բարեկեցիկ կյանքը, իսկ 1%-ը որևէ ազդեցություն չի տեսնում։
Հարցման շրջանակում մասնակիցներին հնարավորություն է տրվել 10 բալանոց սանդղակով գնահատել հայ-ռուսական հարաբերությունները Սարգսյանի և Պուտինի կառավարման տարիներին ։ Հարցվողների պատասխանների միջին ցուցանիշը կազմել է 9 միավոր: