ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ամուսնալուծությունից հետո զգալիորեն փոխվել է դեպի լավը: Երևում է`արտաքին տեսքը խնամելու համար գումարներ չի խնայում, պնդում է Дни.ру-ն:
Պարբերականը հայտնում է, որ 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո նոր ու շքեղ կյանք է սկսել:
Նման եզրակացությունների համար հիմք է հանդիսացել գեղեցկության սրահում արված լուսանկարը, որը Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակել է Facebook սոցցանցի իր էջում: Այս էլիտար սրահում վարսահարդարումը, մատնահարդարումը, մազերի խնամքը և երեկոյան դիմահարդարումը մոտ 30 հազար ռուբլի արժեն:
Իտալական այս ապրանքանիշի ոճաբանների, վարսահարդարների և դիմահարդարների ծառայություններից օգտվում են Նաոմի Քեմբլը, Կառլա Բրունին, Կլաուդիա Շիֆերը, Լինդա Եվանգելիստան, Քեյթ Մոսը, Ժիզել Բունդխենը, Լետիցիա Կաստան: Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է նրանցից հետ չմնալ:
Հայտնի է, որ Արմեն Ջիգարխանյանից բաժանվելուց հետո Վիտալինային է անցել նրա ողջ ունեցվածքը` Մոսկվայում գտնվող երեք բնակարանները, որոնք արժեն մոտ 100 մլն ռուբլի: Ինչպես ավելի վաղ հայտնում էին` Վիտալինան մի քանի տարի շարունակ լիազորագրով ամուսնու հաշիվներից գումարներ էր հանում:
Ջիգարխանյանի նախկին կնոջ էջին հետևողները նշել են, որ նոր սանրվածքն ու խնամքի պրոցեդուրաները լավ տեսք են հաղորդել կնոջը: Հոգնած աչքեր այլևս չկան, բացի այդ Վիտալինան ծաղկուն տեսք ունի:
Այնուամենայնիվ, քննադատներ ևս գտնվեցին. վերջերս Վիտալինան «Կինը: Սիրո պատմություն» հաղորդման ընթացքում բողոքում էր, որ Ջիգարխանյանի անվան թատրոնից հեռանալուց հետո նա շատ ծանր ֆինանսական վիճակի մեջ է հայտնվել:
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։