ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայկական գինուն ծանոթանալուց հետո այն գերադասում է վրացականից։ Այս մասին դեսպանը հայտնել է Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը։
«Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Ճապոնիայում տարածված է այն տեսակետը, թե վրացական գինին ավելի լավն է, քան հայկականը։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում հայկական գինին ճապոնացիներին ավելի սիրելի կդառնա, ու շատերը կնախընտրեն վրացականի փոխարեն հայկական գինի ըմպել»,- ասում է դեսպանը։
Հայկական առաջին արտադրանքը, որ ճանաչելի ու սիրելի է դարձել ճապոնացիներին, կոնյակն է։ Հայկական «Արարատը», դեսպանի խոսքով, դեռ խորհրդային տարիներից է գնահատված իրենց երկրում։
«Այսօր ճապոնական շուկայում ճանաչված է նաև հայկական գինին, մեղրը և մրգաչրերը,- նշեց դեսպանը` հույս հայտնելով, որ ատաջիկայում այս ապրանքների արտահանումը Հայաստանից Ճապոնիա կավելանա։ Արդյունքում կփոխվի նաև այն տեսակետը, թե վրացականը հայկականից լավն է»,- հույս հայտնեց Տագուչին։
Ճապոնացի գործարարները հետաքրքրված են նաև հայկական ՏՏ ոլորտով և արդեն իսկ համատեղ ծրագրեր են մշակում։
Հայ-ճապոնական դիվանագիտական և գործարար հարաբերությունների 25 տարվա ընթացքում Ճապոնիան Հայաստանին շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել`ֆինանսավորելով տարբեր ծրագրեր (անվտանգության, աղետների ռիսկերի նվազեցման, տեխնիկական ապահովման, առողջապահական, մշակութային):
«Ճապոնիայի կառավարությունը ծախսված միջոցների նպատակային կիրառումից ու իրականացված արդյունքներից գոհ է»,- նշեց դեսպանը` կարևորելով իրականացված աշխատանքների շարունակականությունն ու երկրի տնտեսության և ենթակառուցվածքների հետագա զարգացումը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, դիվանագետը չթաքցրեց, որ ճապոնացի զբոսաշրջիկներն առայժմ չեն շտապում Հայաստան գալ։ Պատճառները մի քանիսն են։
«Ճապոնիայում զբոսաշրջիկների հիմնական տարիքային խումբը 60 տարեկան մարդիկ են։ Նրանք գերադասում են հարմարավետ ավտոբուսներն ու լավ ճանապարհները։ Հյուրանոցում ևս նախընտրում են բարձրակարգ սպասարկումը։ Իսկ ամենակարևորը ճապոներենի իմացությամբ թարգմանիչների առկայությունն է, որոնք անփոխարինելի են օտար երկիր շրջագայության ժամանակ»,- ասում է դեսպանը։
Ի դեպ, 2017թ-ի սեպտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ, Ճապոնիայի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի։ Փոխարենը, ինչպես հայտնեց դեսպան Էյջի Տագուչին, Ճապոնիան դյուրացրել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը։