ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. – Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում ստեղծվում են բոլոր պայմանները բուսակերների և առողջ ապրելակերպին հետևող մարդկանց համար, ասել է յոգ Հրանտ Դանդուրովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
«Հայաստանը դրախտ է բուսակերների համար», — ասում է նա:
Դանդուրովի խոսքերով` մեր երկրում գրեթե ամբողջ տարվա ընթացքում առկա է թարմ որակյալ միրգ և բանջարեղեն: Բացի այդ, կան բազմաթիվ ջերմոցներ, որոնցում նույնպես թարմ պտուղ է աճում:
Եվ ամենակարևորը, երկրի վաճառասեղաններին ցուրտ եղանակին դուք կարող եք գտնել չոր մրգեր և տեղական ձավարեղենի լայն տեսականի, ինչպես նաև արտասահմանյան կինոա, չաք և այլն, ասում է ֆեդերացիայի փոխնախագահը:
Մի բուսակերի պատմություն
Բուսակեր դառնալու մասին Դանդուրովն առաջին անգամ մտածեց մինչև բանակ գնալը: Այնուհետև, փորձի համար նա հրաժարվեց միս, հավ և ձուկ ուտելուց: Այդպես անցավ մեկ տարի:
«Միանգամից զգացի թեթևություն, ուժ և էներգիա, հետո բանակում էլ ընտրությունը լայն չէր, ուտում էի այն, ինչ տալիս էին: Երկրորդ անգամ ես կրկին ցանկացա բուսակեր դառնալ 8 տարի առաջ, դա արդեն գիտակցական քայլ էր », — ասում է յոգը:
Դանդուրովը նշում է, որ Հայաստանում բուսակեր լինելն ամենևին էլ թանկ հաճույք չէ, ինչպես սովորաբար ընդունված է համարել:
«Սա կարող է թանկ հաճույք լինել հյուսիսային երկրների համար, բայց նույնիսկ այնտեղ է դա հնարավոր… Մեր երկրում միայն ցանկություն է հարկավոր, իսկ իրականում, բուսակերների ապրելակերպն ավելի էժան է», — ասաց նա:
Դանդուրովի խոսքով` թանկության մասին առասպելը հորինել են նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում կամ չեն կարող հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից:
«Ամեն ոք, ով առաջին քայլերն է կատարում բուսակեր դառնալու ճանապարհին, կարծում է, որ պետք է սովորականից ավելի շատ ուտել, օգտագործել թանկարժեք ընկույզներ, էկզոտիկ կերակուրներ: Իրականում դա այնքան էլ շատ այդպես չէ»:
Չնայած արդարության համար հարկ է նշել, որ առայժմ կան խնդիրներ «կանաչ» ռեստորանների և սրճարանների հետ:
Դանդուրովը նշում է, որ Հայաստանում կան առողջ սնունդ առաջարկող ռեստորաններ: Այնտեղ բուսակերների ճաշատեսակները նշվում են հատուկ պատկերակներով կամ նույնիսկ առանձին մենյու են բերում:
Բարդություններ և հնարավորություններ
Դանդուրովը նշում է, որ անհրաժեշտ է բուսակերներին տարբերակել վեգաններից: Վեգաններն ավելի շատ դժվարություններ ունեն:
«Վեգանները այն մարդիկ են, ովքեր հրաժարվում են բոլոր կենդանական ծագում ունեցող կերակուրներից, օրինակ` կաթնամթերքից, մեղրից և ոչ միայն: Ես, ինչպես և մյուս հասարակ բուսակերները, երբեմն թույլ եմ տալիս ինձ կաթ խմել կամ մեղր ուտել», — ասաց նա:
Ամեն տարի Հայաստանում տեղի է ունենում Vegan Fest Yerevan փառատոնը` նվիրված կենդանիների պաշտպանությանը և առողջ ապրելակերպին: Այստեղ ակտիվորեն ներգրավված է երիտասարդությունը, ում մտահոգում է էկոլոգիայի և պատշաճ սնվելու խնդիրները:
Դանդուրովի խոսքով` նույնիսկ ժամանակակից բժիշկները, ԱՀԿ-ն և բժշկական հաստատությունները, ընդունում են բուսակերության օգտակարությունը և երբեմն խորհուրդ են տալիս այն կիրառել` որպես քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելում: