ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը զբաղվելու է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքների մշակմամբ և ներդրմամբ, հայտնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի մշակած ծրագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են մարզական մասսայական մի քանի միջոցառումներ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար:
Վերականգնվելու է «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համազգային ծրագիրը, շարունակվելու է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացումը:
Ուսանողական սպորտի խթանման նպատակով անցկացվելու է հանրապետական ուսանողական սպարտակիադա:
Հատուկ մարզական մասսայական միջոցառում է կազմակերպվելու դպրոցահասակ երեխաների համար մարզերի, Երևանի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադա և հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների սպարտակիադա: