Ընդհանրապես, սև մայրցամաքի հայերի թեման արժանի է լուրջ պատմամշակութային հետազոտությունների, մանրամասն, ըստ բոլոր կանոնների: Հայերի հետքերը գոյություն ունեն նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուգանդան եւ Նամիբիան, իսկ փոքրիկ Սվազիլենդում հայկական եկեղեցի է կանգնած:
Իսկ Եթովպիայում հայերի պատմությունը եզակի է և աներևակայելի հարուստ: Թեև միշտ փոքր, սակայն այս էկզոտիկ հնագույն երկրում հայկական սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Կրոնի մոտիկությունը միահյուսված էր մշակութային հարազատության հետ`Եթովպացի վանականներն ապրում էին հարավային հայկական քաղաքներում. Ուրֆայում, Մարդինում, Տիգրանակերտում (հետագայում` Ամիդ, այժմ Դիարբեքիր):
Շատ բան է գրվել հայ և եթովպական այբուբենների նմանության մասին, թեև լուրջ մասնագետները ժխտում են ուղղակի փոխառությունը: Միայն երկու տառերի ուրվագծերն են քիչ թե շատ համընկնում, բայց նույնը կարելի է ասել վրացերենի և այլ այբուբենների որոշ տառերի մասին, իսկ հիմնարար տարբերությունն այն է, որ եթովպերենի գիրը վանկային է, իսկ հայերենինը հնչեղ է: Այդուամենայնիվ, իմաստուն Մեսրոպ Մաշտոցն, անշուշտ, ծանոթ էր եթովպական գրերին:
Խորենացու «Հայոց պատմությունը» պատմում է հայ զինվորական առաջնորդ նահապետ Զարմաերի մասին, որը Եթովպիայի բանակի հրամանատարն էր տրոյական պատերազմում: Հնագույն պատմաբանի խոսքով՝ նահապետն ընկավ պատերազմի դաշտում հենց Աքիլեսի ձեռքով, որն, ինքնին, հասկանալի է. հարիր չէ, որ հրամանատարը հասարակ զինվորի ձեռքով սպանվի:
Հայերի և եթովպացիների միջև ավելի սերտ և արդեն հաստատված շփումները սկսվում են ավելի ուշ: Սիմվոլիկ ուղեցույց կարելի է համարել եթովպացի վանական Էվոսթադևոսի՝ հայկական Կիլիկիա կատարած ուղևորությունը XIV դարում, որը բազմիցս Ալեքսանդրիայում հանդիպել է հայոց պատրիարքի հետ և արդյունքում ընդմիշտ հաստատվել է Հայաստանում: Եթովպական տեքստերը, որոնք նկարագրում են վանականի կյանքը, լի են Կիլիկիայի մասին հետաքրքիր փաստերով և տեղեկություններով:
Այդ ժամանակից ի վեր, հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում շփումներն ակտիվանում են երկրների և ժողովուրդների միջև: XV դարում քահանա Գևորգը գրեց Եթովպիայի օրհներգերի մի ամբողջ գիրք, որը փառաբանում էր Աստվածամորը, իսկ 16-րդ դարի սկզբին Մաթևոս անունով մի հայ է դարձել է Եթովպիայում Պոորտուգալիայի կայսրության դեսպանը: Պորտուգալիայով Մաթևոսի դիվանագիտական գործունեությունը չէր սահմանափակվում, և գրեթե մեկ տասնամյակ անց նա այցելում է ոչ միայն Հռոմ, այլև նույնիսկ Հնդկաստան՝ հարգանքի տուրք մատուցելով այնտեղ պորտուգալացի վիցե-թագավորին: Գրեթե 103 տարի ապրած հայ Մուրադ Չեդեբն ուղիղ կես դար Եթովպիան ներկայացրեց եվրոպական երկրներում, այդ թվում՝ սուրհանդակ եղավ Լուի XIV- ի, «արև- արքայի», արքունիքում:
Մեկ դար առաջ Էջմիածնում հայտնաբերվեցին եթովպյան ձեռագրեր, իսկ հենց այդ երկրում դեռ 15-րդ դարում ուսումնասիրում էին հայոց լեզու. պահպանվել են հայերեն բառերով ձեռագրեր, որոնք ուղեկցվում էին գեէզ (այն ժամանակվա եթովպերենը) թարգմանությամբ, որն այժմ օգտագործվում է միայն ուղղափառ և կաթոլիկ եթովպական եկեղեցիների պատարագներում:
Խելքով, իմաստությամբ և ազնվությամբ. այս երեք առաքինությունների օգնությամբ եթովպական հայերը զբաղեցրին կարևոր պաշտոններ երկրի քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության և մշակույթի մեջ: Եթովպական արտաքին քաղաքականությունը, հատկապես Եվրոպայի հետ հարաբերություններում, ստեղծվում էր հայերի կողմից, իսկ XVIII դարի երկրորդ կեսում մեկուկես տասնամյակ երկիրը կառավարել է Միքայել Սիուլը, որը դրսևորեց իրեն որպես գերազանց քաղաքական գործիչ և զինվորական հրամանատար: Նա սանձահարեց լկտիացած ֆեոդալներին և պահպանեց Եթովպիայի միասնությունը, երբ ձևական տիրակալը՝ կայսրը, անզոր էր դա անել: Հասավ այն բանին, որ հարևան Եգիպտոսը պաշտոնապես դիմում էր Միքայելին՝ որպես Աբիսինիայի կայսրի: Սիուլից ինչպես առաջ, այնպես էլ հետո երկրում դեռևս բազմաթիվ հայ նախարարներ կային՝ ֆինանսների, առևտրի և ռազմական հարցերի:
Երկու ժողովուրդների եկեղեցական կյանքը նույնպես միահյուսված է: Եթովպիան գտնվում էր երկու կրակների միջև՝ գաղութարար Եվրոպայի և շատ ավելի զավթող թուրքերի: Հայերը շատ բան են արել օսմանների դեմ պայքարի համար՝ ինքնուրույն կռվելով և վարձու բանակներ հավաքելով: Նման ճակատագիր ունեցող երկու քրիստոնեական եկեղեցիները չէին հոգնում միմյանց օգնելուց: Հայ սրբերի կյանքը թարգմանվել է հին եթովպերենով, իսկ եթովպական եկեղեցին դեռևս տարին երեք անգամ նշում է Սուրբ Գևորգի օրը, մեկական անգամ էլ՝ սուրբ նահատակներ Գայանի և Հռիփսիմեի:
1632 թ. թագավոր Ֆազիլիդասը զայրացավ ճիզվիտների վրա, պետք է խոստովանել, որ վերջինները արժանի էին դրան, և վռնդեց նրանց Եթովպիայից, լինելով դեռ բարկության կրակով պատված, նա միառժամանակ արգելեց բոլոր վանական միաբանությունները: Միայն հայ վանականները խուսափեցին միապետի զայրույթից, և դրանից սկսեցին օգտվել մյուսները, որոնք հայկական հագուստ սկսեցին հագնել, ինչը ծառայում էր Եթովպիա մտնելու անվերապահ «այցեքարտ»: Թե ինչ էին անում նրանց հետ, ովքեր բռնվում էին կեղծիքի վրա, պատմությունը գիտի, բայց ես չեմ ուզում դրա մասին որևէ բան պատմել:
XIX դարում կայսր Թեոդորոս II- ը նեղացավ անգլիական դիվանագետներից ինչ-որ բանի համար և բերդ նստացրեց նրանց: Թագուհի Վիկտորիան, փորձելով փրկել իր դեսպաններին, օգնության խնդրանքով դիմել է Երուսաղեմի եպիսկոպոսներ Սահակ Աստվածատրյանին և Թիմոթեոս Սափրիչյանին: Երկու տարի շարունակ «խաղաղապահ զորակազմը» փորձում էր մոտեցում գտնել կամակոր կայսրին, այդ թվում՝ օգտվելով նաև Եթովպիայում բնակվող հայերից, և անգլիացիները վերադարձան տուն, իսկ Նորին Մեծությունը հրամայեց Անգլիայում հրատարակել եպիսկոպոսների դժվար առաքելության մասին գիրք:
Ի դեպ, երբ 1935 թ. Իտալիան ներխուժեց Եթովպիա, իսկ այն միակն էր սև մայրցամաքի վրա, որը երբեք ոչ ոքի գաղութ չի եղել, հաշվարկն արված էր արագ աբիսիյանական բլից կռվի վրա: Բայց փոքր Օգդեն քաղաքի մոտ Մուսոլինիի քաջ զինվորներին սպասում էին դաժան ճնշումներ, նրանց «տեղը դրեց» միայն 800 հոգանոց հայկական գունդը: Գունդը ձևավորվել էր կայսրական նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանի նախաձեռնությամբ, հրամանատարն էր Բաբկեն Սեֆերյանը, որն ուներ բրիտանական արշավախմբի լեյտենանտի կոչում:
Ժամանակ առ ժամանակ Եթովպիայի հայ համայնքի թիվը հասնում էր մի քանի հազար մարդու, իսկ այսօր Ադիս-Աբեբայում հարյուրն էլ չի հավաքվի: Բայց զարմանալին այն է, որ նման փոքրիկ սփյուռքի մասին կարելի է գրել ոչ միայն մի հաստ գիրք: Իսկ եթովպացի հայերին փառքի հասցրած գործերի բազմազանությունը պարզապես զարմանալի է:
Վաճառական Գրեգոր Պողոսյանը կարողացավ ընկերանալ Կայսր Մենելիքի II-ի հետ և շուտով դարձավ «հատուկ հանձնարարություններով» դեսպան: Նրա ավագ որդին ամուսնացել է տեղի աղջկա հետ, և այս զույգի որդին՝ Ալեքսանդր Պողոսյանը, դեռ փոք հասակից դարձել է Աֆրիկայի ամենահայտնի նկարիչը: Սկունդեր Պողոսյանը. հաճախ Ալեքսանդրին այդպես էին կոչում համապատասխան շրջանակներում, առաջին աֆրիկացին էր, որի աշխատանքները ձեռքից ձեռք էին խլում ժամանակակից արվեստի ամերիկյան և եվրոպական թանգարանները:
Մենելիք II- ը, ընդհանրապես, ինքն իրեն շրջապատեց հայերով: Սարգիս Թերզյանը պատասխանատու էր Եթովպիայի բանակին զենք մատակարարելու համար: 1980 թվականին Թերզյանը փորձում էր Ֆրանսիայից հրազենային զենք գնել: Ֆրանսիացիները չմերժեցին վաճառել այն Եթովպիային, սակայն չցանկացան նավեր տրամադրել դրա մատակարարման համար. այդ ժամանակ Թերզյանը սպառազինությունը ֆրանսիական Ջիբութի կալվածք տարավ հոլանդական նավերով, իսկ այնուհետև զենքը Ադիս-Աբեբա հասավ ուղտերի միջոցով: Մոտ 100 հազար հրացան և 10 մլն փամփուշտ՝ չհաշված մյուս սպառազինությունը: Այն ժամանակների համար դա զենքի ռեկորդային գործարք էր: Իտալացիները, որոնք մշտապես ցանմականում էին հարձակվել և գրավել Եթովպիան, տհաճ անակնկալի եկան՝ իմանալով հակառակորդի զենք ձեռք բերելու մասին:
Հաղթանակից հետո եթովպացի զինվորները Թերզյանի պատվին հարազատ լեզվով օրհներգեր էին երգում: Թերզյանը խաղաղության հաստատումից հետո սկսեց զարգացնել ալրաղացության գործը, ինչպես նաև հիմք դրեց Եթովպիայում երկաթգծային հաղորդակցությանը՝ երկիր բերելով առաջին շոգեքարշը, որն այդպես էլ կոչվում էր՝ «Սարգսի շոգեքարշ», «Սարգիս բաբուր»:
Անգամ կայսրի պալատական լուսանկարիչները հայեր են եղել: Բոյաջյանների ընտանիքի մի քանի սերունդ լուսանկարել է կայսրերին, արքայազներին, արքայադուստրերին, իսկ Հայկն ու Թոնին Նեգուս դինաստիայի լուսանկարիչների պաշտոնական կոչում են ունեցել: Հակոբ Զանազանյանը Հայլե Սելասսիե I-ի անձնական լուսանկարիչն է եղել մինչև 1974 թվականին միապետության անկումը: Զանազանյանները Ավստրալիա են տեղափոխվել և Հակոբի որդին,՝ Երվանդը, ժառանգելով հոր գործը, աշխարհում հարսանիքների ամենաթանկ վարձատրվող լուսանկարիչն է դարձել: Նրան մինչ օրս այդ ոլորտի բացարձակ հեղինակություն են համարում:
Եթովպիայի բոլոր մեծանուն հայերին դժվար է անուն առ անուն նշել: Ճարտարապետ Գ. Հովյանն այն մարդն էր, ում Ադիս-Աբեբան պարտական է իր ժամանակակից տեսքի համար: Տիգրան Էբելյանը և Բաղդասարովների ընտանիքը պալատական ոսկերիչներ էին, և այսօր նրանց աշխատանքները շատ թանկ և հազվագյուտ են համարվում: Կոշկակարներ, տպարանների սեփականատերեր. մարդիկ, որոնք դարձել են միլիոնատերեր, և թող անգամ Եթովպիայից հեռացած՝ այս պետության հայերը երբեք չեն մոռացել երկիրը, որը նրանց համար հայրենիք է դարձել: