Ալեքսանդր Խրոլենկո` ռազմական վերլուծաբան` Sputnik–ի համար
Շաբաթվա սկզբին ադրբեջանական զորքերը հերթական անգամ օգտագործեցին իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռային համակարգն Արցախում: Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ ապացույցներ ներկայացրեց համալիրի կիրառման վերաբերյալ:
Նման դեպքերում Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները սովորաբար զսպվածություն են ցուցաբերում` շփման գծում լարվածությունը չսրելու համար: Սակայն, նորագույն զենքերը տարածաշրջանում գնալով ավելանում են, ինչը չի բխում խաղաղ կարգավորման շահերից:
Ադրբեջանի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը գրեթե քառորդ դարի պատմություն ունի: Բաքուն Երուսաղեմից զգալի թվով սպառազինություն է ստանում (ներառյալ` ծանր զենք) և անօդաչու թռչող սարքեր:
Զենքի վաճառքն արգելված չէ, այնուամենայնիվ, օրինաչափորեն` Արցախի Պաշտպանության բանակի հնարավոր կորուստների վերաբերյալ Իսրայելի պատասխանատվության հարցն է առաջ գալիս: Շատերը հիշում են օգոստոսյան դրվագը, երբ իսրայելական արտադրության ԱԹՍ–ն հարված հասցրեց Արցախի հայկական դիրքերին: Եվ մինչ օրս ուսումնասիրվում է այդ հարձակման մեջ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության մասնագետների անմիջական մասնակցությունը:
Մրրկայնության գոտի
Այսօր Ադրբեջանի և Արցախի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումներն անցան առանց միջադեպերի: Սակայն հոկտեմբերի 24-ին առանձին հատվածներում ադրբեջանական զորքերը զանգվածային հարվածներ հասցրեցին հայաստանյան դիրքերի ուղղությամբ` 23 կրակոց ականանետից:
Տարածաշրջանը տենդի մեջ է, հոկտեմբերի 19-ին Արցախի շփման գծում հայ զինծառայող է զոհվել: Ականանետային կրակոցներին հաջորդեցին «Սպայկ»–ի արձակումները, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Բայց չէ որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Ժնևում կառուցողական բանակցություններ ունեցան, քննարկեցին արցախյան հակամարտության կարգավորման հարցը:
Պատերազմի և խաղաղության նժարները կրկին տատանվում են: Երբ հակամարտող կողմերից մեկը բարձրակարգ զենք է ստանում, որից պաշտպանություն չկա, օրինաչափորեն այն կիրառելու գայթակղություն է առաջանում, «փորձարկել» տանկերն ու թուլացնել հակառակորդի մարտական ոգին։ Նման իրավիճակում շատ բան է կախված ռազմաքաղաքական ղեկավարության իմաստուն լինելուց: Օրինակ`հայկական «Իսկանդերները» զսպման խորհրդանիշ են, այդ համալիրի հրթիռները չեն թռչում: Այլ հարց է Ադրբեջանական «Սպայկ» հակատանկային հրթիռային համակարգը:
Իսրայելական Rafael ընկերության հակատանկային բազմաթիրախային հրթիռային համակարգը կարող է բարձր ճշգրտությամբ (95 տոկոս) խոցել ամենաժամանակակից զրահամեքենաները: «Սպայկը» նախատեսված է նաև ամրաշինական շինությունները, հակառակորդի կենդանի ուժը, ցածր արագություն ունեցող օդային և վերջրյա թիրախները խոցելու համար` օրվա ցանկացած ժամի, դժվար օդերևութաբանական պայմաններում` 400-ից 8000 մ հեռավորության վրա: Ընդ որում, կրակողին անհրաժեշտ է միայն ընտրել թիրախը և սեղմել կոճակը, մնացածը հրթիռը ավտոմատ ռեժիմով կանի:
«Սպայկի» առավելությունն այն է, որ այն կարող է ինտեգրվել մեծ թվով հրթիռների հետ, այդ թվում ավիացիոն և ծովային (նույնը չի կարելի ասել, օրինակ, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգի մասին): Իսրայելական համալիրի հիմնական թերությունն այն է, որ նրա կրակոցը շատ թանկ արժե` միջին արժեքը կազմում է 250 հազար դոլար:
Հակամարտության տրանսֆորմացիա
Արցախում անօդաչու սարքերն առաջին տարին չէ, որ թռչում են, այնուամենայնիվ, մարտական այդ սարքերը, որոնք կարող են ոչնչացնել կենդանի ուժն ու տեխնիկան, համեմատաբար նոր են հայտնվել այստեղ:
Նորություններից մեկը Harop ԱԹՍ–ն է (իսրայելական «Տաասիա ավիրիտ» ընկերության արտադրանք), որը ավելի շուտ հզոր կառավարվող ռազմամթերք է։ Այս անօդաչուն գրեթե 40 կիլոգրամ պայթուցիկ է տանում:
Արցախում անմիջապես նկատեցին արտադրանքն ու մարտական գործողություններին Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության մասնագետների մասնակացությունը (մարքեթինգի խելամիտ շրջանակներում)։ Հասկանալի է, որ գովազդն առևտրի շարժիչ ուժն է, սակայն կենդանի թիրախներն` անչափելի են։
Իսրայելական Maariv թերթի հաղորդմամբ` արտադրանքի խթանման և ադրբեջանական կողմի խնդրանքով, օդաչուի կառավարումը ստանձնել են Aeronautics Defense Systems ընկերության թոփ–մենեջերները: Եվ «փորձնական թռիչքն» ավարտվել է հայ դիրքերի ուղղությամբ հասցրած հարվածով:
Մինչդեռ, Իսրայելի ՊՆ–ի կանոններով, սպառազինության ազգային մատակարարներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու արտերկրում տեղի ունեցող ռազմական գործողություններին, առանց ռազմական գերատեսչության հատուկ կարգադրության (որը շատ հազվադեպ է տրվում): Ո՞վ է սադրել հայ-իսրայելական հնարավոր հակամարտությունը:
Ադրբեջանի կառավարությունը և իսրայելական Aeronautics ընկերությունը դեռևս 2009 թ.-ին համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող և հետախուզական ինքնաթիռների արտադրության ընկերություն կառուցելու մասին: Եվ 2011 թ-ին AZAD Systems Co ընկերությունը սկսեց Aerostar Orbiter-2M ԱԹՍ–ների արտադրությունը: Հարավային Կովկասում մեկ այլ իսրայելական ընկերության` Aeronautics Defense Systems–ի հայտնվելն ավիացիոն խոցման միջոցների ապագա խտացում է ենթադրում:
Հավանաբար, առջևում Արցախում բարձրտեխնոլոգիական «օդային պատերազմ» է սպասվում: Հետախուզության և հարվածային ԱԹՍ–ների և ինքնաթիռների քանակն անխուսափելիորեն վերափոխվում է մարտական օգտագործման մարտավարության:
Արցախի բանակը ստիպված կլինի կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգը և ավելացնել սեփական անօդաչու սարքերը (Հայաստանում արդեն ստեղծվել է «Կռունկ»` մինչև 150 կմ հեռահարության, մինչև 20 կիլոգրամ բեռնամբարձությամբ, մինչև 140 կիլոմետր ժամ կրեյսերական արագության մինչև 3,500 մետր բարձրությամբ):
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Իսրայելական ռազմարդյունաբերական համալիրը դարձավ տարածաշրջանային հակամարտության նոր սրացման նախաձեռնողը: Ընդ որում`«կարևոր պատվիրատուին» Orbitier K1–երի խմբաքանակի 20 միլիոն դոլարի մատակարարման ժամանակավոր կասեցումը դժվար թե ուշացած զղջում լինի: