ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում թռիչքի ժամանակ կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սու-24 ռմբակոծիչը դուրս է եկել թռիչքուղուց:
«Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» ավիաբազայից մարտական խնդիր իրականացնելու համար թռիչք կատարելու ժամանակ թռիչքուղուց դուրս եկել և կործանվել է Սու-24 ինքնաթիռը։ Ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել ինքնանետվել և զոհվել է»,- ասել է վարչության աշխատակիցը:
ՌԴ պաշպանության նախարարության հաղորդմամբ` նախնական տվյալներով կործանման պատճառ կարող էր լինել ինքնաթիռի անսարքությունը։