Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը։
«Ցավոտ դաս»,- գրեց հոլիվուդյան աստղը հուշամատյանում։
Մալկովիչը Երևան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը նախանշված է հոկտեմբերի 11-ին։
Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։