ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հոլիվուդի լեգենդ, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը։
«Ցավոտ դաս»,- գրեց հոլիվուդյան աստղը։
Հայտնի դերասանը խոստովանեց, որ ցնցված է տեսածից ու լսածից։
«Սա ցավոտ դաս էր, սարսափելի պատմություն, թե բացառապես ինչ հիմար պատճառներով մարդիկ կարող են նման արարքներ անել»,-ասաց Մալկովիչը։
Մալկովիչը Երևան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը նախանշված է հոկտեմբերի 11-ին։
Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։