ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվեց «Պատրանքը որպես մշակույթ» անվանումը կրող կլոր սեղանը։ Կլոր սեղանի ընթացքում մասնակիցների աչքերը փակ էին։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են ԳՄՌԿ–ից։
Միջոցառումն անցկացվեց արտասովոր սենսորային պայմաններում և ստեղծագործ մտագրոհի ձևաչափում։ Բացառիկ ձևաչափը թույլ տվեց մասնակիցներին հայտնվել իրենց համար արտասովոր պայմաններում` առանց տեսողական տեղեկությունն օգտագործելու հնարավորության։
Այս ձևաչափը թույլ է տալիս մասնակիցներին իրենց մեջ նոր տաղանդ և ունակություններ բացահայտել, նոր տեսանկյունից գնահատել հայտնի խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև զարգացնել ստեղծագործական և հաղորդակցման հմտությունները։
Կլոր սեղանի մոդերատոր, «Ոգու առագաստներ» ներառական մարդասիրական առաքելության ղեկավար, «Սպիտակ ձեռնափայտ» սոցիալական շարժման նախագահ Օլեգ Կոլպաշչիկովը նշեց, որ կլոր սեղանի բոլոր մասնակիցները փակ աչքերով անցկացրեցին մեկուկես ժամ։
«Այդ ընթացքում նրանք փորձեցին սեփական ուժերը, բացահայտեցին իրենց տաղանդները, սկսեցին այլ կերպ լսել, մտածել և զգալ։ Նման արտասովոր կլոր սեղաններ կազմակերպելով`մենք ուզում ենք ցույց տալ բոլոր մասնակիցներին, թե ինչ հետաքրքիր հմտություններ ու կարողություններ են զարգանում կույր մարդկանց մոտ», – ասաց Կոլպաշչիկովը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ բուհում ուրախ են, որ հենց իրենց պատերի ներքո է անցկացվում այս կլոր սեղանը։
«Շատ կարևոր է բարձրաձայնել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ գրագետ փոխգործակցության, ինչպես նաև նրանց հասարակական կյանքի բոլոր ոլորտների մեջ ներգրավելու թեման», – նշեց Գրիգորյանը։
ԳՄՌԿ մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի ղեկավար Իրինա Կասացկայան նշեց, որ նախագիծն իրականացվում է ԳՄՌԿ–ի աջակցությամբ։
«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իր պտուղները կտա ներառական կրթության և սպորտի զարգացման ծրագրերի առաջմղման հարցում հայ-ռուսական փորձի փոխանակման համար», – նշեց Կասացկայան։
Կլոր սեղանից հետո մասնակիցները ներգրավեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչև STOP ակումբ կազմակերպած ներառական ֆլեշմոբին։ Ֆլոշմոբի ընթացքում մասնակիցները տեղաշարժվում էին փակ աչքերով, նրանց օգնում էր սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու ինքնուրույն հարուստ փորձ ունեցող կույր ուղեկցորդը։
Սովորական քաղաքային զբոսանքը վերածվեց նոր զգացողությունների, թաքնված ունակությունների և սեփական հորիզոնների ընդլայնման ուսումնասիրության։ Ներառական ֆլեշմոբն ուղղված է քաղաքային միջավայրում ներառական փոխգործակցության սկզբունքների տարածմանը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանը բարձր գնահատեց նման միջոցառումների անցկացման կարևորությունը և ընդգծեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման հարցին։
«Սա հայ մասնագետների համար նոր փորձ և այդ ուղղությամբ հմտություններ ձեռք բերելու լավ հնարավորություն է», – նշեց Մկրտչյանը։
«Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիան միավորում է ավելի քան 400 ձեռնարկություն և գիտական հիմնարկ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններն ու գիտահետազոտական կենտրոնները։ «Ռոսատոմը» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում։ Ներկա պահին «Ռոսատոմը» Ռուսաստանում իրականացնում է 8 էներգաբլոկի և արտասահմանում 34 էներգաբլոկի կառուցման նախագծերը։ «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ–ի արդիականացման նախագծում, կայանն ապահովում է միջուկային վառելիքով։
«Սպիտակ ձեռնափայտ» սոցիալական շարժումը ինքնավար ՀԿ է, որը հիմնադրվել է 2010 թվականին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Կազմակերպության նպատակն է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց սոցիալական և գործնական ակտիվության բարձրացումը, հասարակության հետ կապերի հաստատումն ու ընդլայնումը, տնտեսական և կենցաղային անկախության ձեռքբերումը։