ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների միջև բանակցությունների օրակարգը լրացվել է ռոումինգի սակագների ներդաշնակեցման մասին առաջարկներով, ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով`Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպայի հետ և մտադիր է գործակցությունն ընդլայնել այն ոլորտներում, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։
Նալբանդյանի խոսքով` ԵՄ–ն զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում բարեփոխումների իրականացման ուղղությամբ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դատական համակարգը, խորհրդարանական հանրապետության անցումը և այլն։
«ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, կարող է նրա հիմնական ձեռքբերումներից լինել»,– ասել է Նալբանդյանը։
Հայաստանի և ԵՄ–ի հարաբերությունների օրակարգում մեծ դեր է խաղում մարդկանց միջև շփման խթանումը։ Այդ իսկ պատճառով վիզային ռեժիմի ազատականացումը մարդկանց միջև կապերի խորացման կարևոր տարր է։
«Մեր օրակարգը լրացվում է նոր բովանդակությամբ։ Առաջարկ է եղել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի սակագների ներդաշնակեցման, ինչպես նաև տեղի արժույթով փոքր և միջին բիզնեսի համար վարկերի տրամադրման վերաբերյալ»,– ասել է Նալբանդյանը։
2017 թվականի փետրվարին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց նոր իրավական փաստաթղթով` համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, բանակցությունների ավարտի մասին։
«Արևելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկար է նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մասին։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականի հունվարին։
ԵՄ խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԱԳՆ ղեկավարների մակարդակով նիստի ընթացքում լիազորեց Եվրահանձնաժողովին սկսել բանակցություններ վարել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի գործընկերության և ԵՄ ու հանրապետության միջև համագործակցության մասին գործող համաձայնագիրը։
Հայաստանը հույս ունի ստորագրել փաստաթուղթը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։