ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մենք պետք է զբաղվենք սպառազինություն ձեռք բերելով, հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը։
Նախարարը կարևորել է մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ոլորտը կառավարելու արդյունավետության հարցը։
«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈՒ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ. դրանք են՝ սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած միջոցառումներով, որոնցից կարեւորագույնը «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր:
Վերջին մեկ տարում Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ներկայացվել է «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շրջանակներում մեկնարկել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» նախագծերի իրականացման գործընթացը: