ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին։ Պահանջն է` սահմանել արգելված իրերի ցանկ։
«Դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով սահմանված չէ արգելված իրերի ցանկը»,-ասված է գրության մեջ։
Երբ բացակայում է արգելված իրերի ցանկը, փաստաբանները հնարավորություն չեն ունենում իմանալու, թե ինչ իրեր կամ առարկաներ կարող են իրենց հետ ունենալ դատարանի շենք մուտք գործելիս։ Սա այն դեպքում, երբ «դատական կարգադրիչները կարող են կամայականորեն արգելել փաստաբաններին որևէ իրի կամ առարկայի տեղափոխումը»։
Հաղորդագրության մեջ ավելարել են նաև, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանխորոշեն։

