ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Եվրոպական իրավաբանական ծառայության Հայկական գրասենյակը կպաշտպանի FAF ֆան–շարժման երկրպագուների իրավունքները:
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Եվրոպական իրավաբանական ծառայության և FAF ֆան–շարժման միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունը:
Ինչպես նշեց ԵԻԾ–ի տնօրեն Սերգեյ Աբելյանը, նրա ղեկավարած կազմակերպությունն արդեն 6-7 տարի է զբաղվում է այդ գործունեությամբ: Սկսել ենք ռուսաստանցի երկրպագուներին աջակցելուց: Ֆուտբոլային երկրպագուներին ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավաբանական աջակցություն է տրամադրվում:
«Մենք մեր ծառայությունները առաջարկեցինք FAF–ին։ Նրանց հետաքրքրեց իրենց գործունեությանն իրավաբանական աջակցություն ցուցաբերելու գաղափարը», – ասաց Աբելյանը։
Հուշագրի դրույթների համաձայն` FAF–ի երկրպագուներին իրավաբանական օգնություն տրամադրվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում անցկացվող խաղերի և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ։
ԵԻԾ–ի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ առաջին անգամ է զբաղվելու երկրպագուների իրավունքների պաշտպանությամբ, սակայն պատրաստ է դրա համար ջանք ու եռանդ չխնայել։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուների իրավունքները պաշտպանված լինեն։ Մեզ մոտ բոլոր երկրպագուները կկարողանան տեղեկանալ ինչպես իրենց պարտականությունների, այնպես էլ իրավունքների մասին», – ասաց Ալեքսանյանը։
FAF շարժման հիմնադիր և ղեկավար Սերգեյ Ջանջոյանն ուշադրություն հրավիրեց մարզադաշտերում և դրանց սահմաններից դուրս վերջին 3-4 տարիների ընթացքում մշտապես առաջացող խնդիրների վրա, ինչպես նաև հիշեցրեց Չեռնոգորիայում հավաքականի խաղից հետո երկրպագուների վրա գործած աղմկահարույց հարձակման մասին։
«Մենք չգիտեինք, թե ում դիմել, ինչ անել, քանի որ մարդիկ հիվանդանոցներում և ոստիկանությունում հայտնվեցին։ Զարմանալի է, սակայն խնդիրներ առաջացան նաև Ալաշկերտի խաղի ժամանակ։ Խաղի կեսից մեզ ինչ-որ մարդիկ մոտեցան և խնդրեցին հանել պաստառները, թեև բելառուսների մոտ դրանք շատ էին», – ասաց Ջանջոյան։
Նրա գործընկեր, FAF շարժման ղեկավար խորհրդի անդամ Արսեն Զաքարյանն ավելացրեց, որ կազմակերպության որոշ անդամներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստանում գտնվող մարզադաշտը։
«Առանց պաշտոնական փաստաթղթի, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ մարդու որոշման համաձայն։ Երբեմն ստյուարդները, ոստիկանությունը պարզապես հայտարարում է, որ մարդն իրավունք չունի մարզադաշտ մտնելու։ Դա ճիշտ չէ», – ասաց Զաքարյանն` ավելացնելով, որ երկրպագուներին հաճախ ստիպում են պաստառներ չբռնել։
Իսկ այժմ, Զաքարյանի խոսքով, այս խնդրի լուծմամբ կզբաղվեն մասնագետները։
Ինչպես նշեցին կողմերը, երկրպագուներն իրավաբանական աջակցություն կսկսեն ստանալ արդեն, սեպտեմբերից` սկսած Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումից։ Երկրպագուների հետ համապատասխան թրեյնինգներ են անցկացվելու` նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Օգնությունն անվճար է տրամադրվելու։