Ամալյա Պապյան, Sputnik.
Երևանի կենտրոնի նախանձելի համարվող հատվածում տասնյակ տարիներ է, ինչ գործում է Կույրերի միավորումը։ Շենքը կառուցվել և տեսողական խնդիրներ ունեցողներին է տրամադրվել դեռ ԽՍՀՄ-ի օրոք։ Ի սկզբանե միավորման ստեղծման նպատակն է եղել յուրօրինակ կամուրջ հանդիսանալ կույրերի, պետության, հասարակության միջև։
Եվ իսկապես, տարիներ շարունակ միավորումն իրականացնում էր իր առջև դրված խնդիրը։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ ունեին աշխատանք, սերտ շփվում էին միմյանց հետ, մասնակցում մշակութային կյանքին։
Հայաստանի անկախացման տարիներին պետական կառույցը վերափոխվեց հասարակական բարեգործական կազմակերպության՝ պահպանելով տրամադրված շինություններից օգտվելու իրավունքը։
Բոլորին քաջ հայտնի Կույրերի միավորման շենքը, Կույրերի մշակույթի տունը և միավորման տնօրինության տակ գտնվող այլ շենքեր այսօր էլ օգտագործվում են և ունեն մեծ պահանջարկ, սակայն ոչ միայն տեսողական խնդիրներ ունեցողների համար։
Նշված շինություններում վարձակալության իրավունքով տարածք է տրամադրվում ցանկացած վճարունակ անհատի կամ կազմակերպության, անկախ գործունեության տեսակից։ Այսպես, օրինակ, Կույրերի միավորումն ու Կույրերի մշակույթի տունն օրրան է դարձել բազմապիսի կրոնական կազմակերպությունների համար, ինչպիսիք են «Աստծո օծյալները», «Ռեյման», «Լոգոսը», «Հոգեգալստականները»։
Այն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ առավել խոցելի շերտ են համարվում, ամենևին էլ գաղտնիք չէ, և հոգեորսությամբ զբաղվողները հաշվարկել են նաև սա։ Ստացվում է տարածք վարձելու համար հարմարավետ տարբերակ, երկուսը մեկում մեկտեղելու հիանալի հնարավորություն, որը, կարծես թե, չի վերահսկվում ոչ մի պետական կառույցի կողմից։
Կույրերի միավորման տնօրինության ներքո գտնվող տարածքներ տրամադրվում են նաև առևտրային ընկերությունների։ Օրինակ` «Էդվարդ ինթերնեյշնլ» ընկերությանը, որը զբաղվում է ամերիկյան ներկերի վաճառքով Հայաստանում։ Ըստ վարձակալ Էդվին Գևորգյանի, որը նաև «Առնո Բաբաջանյանի» անվան միջազգային հիմնադրամի առաջին փոխնախագահն է և երկար տարիներ Կույրերի միավորումում աշխատել է գլխավոր տնտեսագետ, տարածքն իրեն է տրամադրվում կրկնակի վարձակալությամբ։
Այսինքն` միավորման նախագահի հետ արյունակցական կապ ունեցող անձը համեստ գումարով վարձակալում է Կույրերի միավորման տարածքը ՀԿ-ից և շուկայական գնով հանձնում ցանկացողներին։ Միության նախկին աշխատակից Էդվին Գևորգյանը, որը ներկայումս Ռուսաստանում ընկերություն է ղեկավարում, սրտացավ է Կույրերի միավորման վիճակի համար։ Ռուսաստանաբնակ գործարարը պատմում է, որ նախկինում հաջողվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ապահովել աշխատանքով։ Այսօր էլ Գևորգյանը շարունակում է աջակցել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, սակայն մտահոգված է ստեղծված իրավիճակով։
Գործարարի ղեկավարության տակ գտնվող երկու ընկերությունները՝ «Էդվարդ ինթերնեյշնլ Ա»-ն և «Գրանդ Էլեֆանտ»-ը, ամեն ամիս զգալի գումար են փոխանցում Քաջազնունի 1 հասցեում գտնվող Կույրերի 2-րդ արտադրողական ձեռնարկության տարածքում վարձակալվող երկու տարածքների համար։
Այս շինությունը ևս գտնվում է Կույրերի միավորման տնօրինության տակ։ Ընկերությունը յուրաքանչյուր ամիս միջնորդի հաշվին է փոխանցում 1 մլն 85 200 (մեկ միլիոն ութսունհինգ հազար երկու հարյուր) դրամ վարձակալության համար։ Սակայն ստացվում է` եկամուտն ուղղվում է մասնավոր անձանց գրպան։ Սա այն դեպքում, երբ շատ կույրեր ծայրահեղ վատ վիճակում են։ Ես այս գործարքին համաձայնել եմ կույրերին օգնելու նպատակով,- ասում է գործարարը։
Պակաս բարձիթողի վիճակում չէ նաև Կույրերի միավորման Շիրակի մասնաճյուղը։
Գյումրիում կա կույրերի գրադարան, սակայն այն չի գործում, աշխատակից չկա։
«Ես դիմեցի միությանը` խնդրելով ինձ վերցնել որպես գրադարանավարուհի,- պատմում է տեսողական խնդիր ունեցող Թամարա Հովհանիսյանը,- սակայն ամեն կերպ ձգձգեցին խնդրանքը, տարբեր պատճառներով, բայց ես շատ էի խնդրում: Ապրում եմ տնակում, ունեի փոքրիկ երեխա և ծայրահեղ վիճակում էի։ Այդպես էլ մերժեցին։ Այսօր այդ տեղում աշխատում է մեկ այլ քաղաքացի, որը միավորումում միաժամանակ կատարում է հինգ աշխատանք։ Կույրերի միավորումում աշխատանքային մենաշնորհ է, ամբողջը բաժանվում է միության նեղ շրջանակի միջև»։
Նրա խոսքով` Շիրակի մարզի մասնաճյուղի նախագահը 77 տարեկան է։
«Ակնհայտ երևում է, որ փոփոխություններ անելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն։ Նույնիսկ միության նախագահի ընտրություններ չանցկացրին, ամեն բան կատարվեց կոծկված և կեղծ»,- հուզվում է տիկին Թամարան։
Ի դեպ, Կույրերի միավորումը կարող ենք ռեկորդային համարել տարեց ղեկավարների առումով։ Եթե Շիրակի մասնաճյուղի նախագահը 77 տարեկան է, ապա Երևանինը` 90։ Արդյո՞ք տարեց ղեկավարն ի վիճակի է զբաղվել կույրերի խնդիրների լուծմամբ, այս պաթետիկ թվացող հարցին պատասխանում է տխուր իրականությունը։ Տեսողական խնդիրներ ունեցողների թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, պարապուրդն ու արհամարհանքը միավորման կողմից։
«Նույնիսկ միավորումում աշխատանքի առկայության դեպքում պատասխանում են, որ բոլոր տեղերը զբաղված են,- դժգոհում է Ալիկ Խառատյանը,- այսօր համակարգչային աշխատանքների աշխատատեղում գրանցված է մեկը, ով նույնիսկ գաղափար չունի, թե ինչ է համակարգիչը։ Ես ինքս բազմիցս բարի կամքով օգնել եմ համապատասխան աշխատանքներ կատարել, սակայն երբ բանը հասնում է աշխատանքի տեղավորելուն, ապա նորից և կրկին նախընտրում են ոչ կոմպետենտ մասնագետների, որոնք կլինեն իրենց, այսպես ասած, մերձավորների օղակից»։
Նույն պատասխանին են արժանանում նաև Կույրերի մշակույթի տուն դիմած մարդիկ, որոնք ունեն վոկալային տվյալներ։
«Ազատ տեղեր չունենք, երգչախմբում», — պատասխանում են տեսողական խնդիր ունեցողին, մինչդեռ խմբում ներգրավված են տեսնող քաղաքացիներ։
Ալիկը եկել էր Իջևանից և դժգոհում էր, որ Տավուշի մարզում չկա Կույրերի միավորման մասնաճյուղ, տեսողական խնդիրներ ունեցողները նույնիսկ չեն ճանաչում միմյանց։ «Չկան տարրական պայմաններ կույրերի համար, թեկուզ մեկ գիրք ընթերցելու համար ես ստիպված եմ գալ Երևան։ Սա այն դեպքում, երբ կա ինտերնետ կոչվածը և աուդիո գրքերի փոխանցումը րոպեների գործ է»,- դժգոհում է Ալիկ Խառատյանը։
Կոմպոզիտոր, ռեժիսոր և գործիքավորող Վահան Նահապետյանը զբաղվում է աուդիո գրքերի ձայնագրությամբ և արդեն որոշակի քանակություն պատրաստ է:
«Առաջարկեցի միավորմանը տրամադրել` չցանկացան, — ասում է Վահանը, —առաջարկեցի նաև հատուկ ծրագրով անվճար համակարգչային դասեր տալ մեզ պես մարդկանց` պատասխանեցին, որ հարմար տարածք չունենք։ Խոստացան, որ երբ ավարտեն նորոգման աշխատանքները, սենյակ կտրամադրեն, բայց այդպես էլ անվճար դասերի համար անկյուն չգտնվեց»:
Հետաքրքիր է իմանալ, իսկ ինչ տարածքներ են հատկացվում վարձակալության համար, եթե տեսողական խնդիրներ ունեցողների համար նույնիսկ սենյակ չի գտնվում։ ՀԿ-ն հավերժ նորոգման աշխատանքներում է և որպես աշխատանքի արդյունք ներկայացնում է տեսողական խնդիրներ ունեցողների համար թենիս խաղալու դահլիճը։ Սակայն դժվար է պատկերացնել, որ կենցաղային և առօրեական խնդիրներով բեռնված հաշմանդամը առանձնապես կմխիթարվի միության խաղային ձեռքբերմամբ։
«Տեսողական խնդիրներ ունեցողներից շատերն այսօր հացի գումար աշխատելու հնարավորության մասին են երազում և ոչ թե «շարիկ» գլորելու»,- ասում է Վահան Նահապետյանը։
Մեզ զանգահարած տեսողական խնդիրներ ունեցող շատ քաղաքացիներ պատմեցին ավելին, քան կարելի էր երևակայել, սակայն տողատակով հասկացրին, որ միավորումում տիրում է վախի մթնոլորտ և արտահայտվելու համարձակություն ունեն ոչ բոլորը։ Այդուհանդերձ համարձակներ գտնվեցին և Sputnik Արմենիան «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում ընթերցողի ուշադրությանը կներկայացնի տեսողական խնդիրներ ունեցողների բարձրացրած խնդիրները, որոնք վերը նշվածից ավելին են: