«Իրատես». Գեներալ Մանվել Գրիգորյանը ծննդյան տոնին հրավիրված է քաղաքական ողջ էլիտան
Թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
Շատերն անգամ դժգոհում են՝ նվերնե՞ր է հավաքում` հազար հոգի իրար գլխի հավաքելով: «Հո ամեն տարի էդ տեսակ ծնունդ չեն անի, համն էլ ա կորում: Էդքան մարդ հավաքում ա նվերի՞ համար»,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ երկրի ղեկավարը, ինչպես միշտ, հրավիրված է, սակայն «կլոր» տարեդարձ չէ, հնարավոր է՝ չգա:
Ծննդյան տարեդարձը Մանվել Գրիգորյանը նշելու է հայրենի քաղաքում` Էջմիածնում, «Վան» ռեստորանում»,-գրում է թերթը:
«Ժողովուրդ». Ուսուցիչները` հատուկ զգեստով, առանց բարձրակրունկների
Թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի և Երևանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների և մանկապարտեզի տնօրենների և հայտարարել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ և նման այլ հայտարարություններ: Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօրենների:
Նրանք արդարացիորեն բողոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մասին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով:
Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատավարձն ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին»,-գրում է թերթը:
«Հրապարակ». ԿԲ-ն նմանվել է ծառի հետևը թաքնվող և վարորդներին տուգանող ՃՈ ոստիկաններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունը ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։
Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։
ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսևորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու և ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»։
«Փաստ». Հայաստանի հյուրանոցներից պակասել է կիսալյուքս համարների թիվը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարվա մեջ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների թիվը ավելացել է 142-ով՝ 409-ից դառնալով 551, որից 302-ը տեղակայված են մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:
Ընդհանուր առմամբ նշված 551 հյուրանոցային տնտեսություններում 2016 թ. դրությամբ գործում է 8 հազար 523 հյուրանոցային օգտագործման համար, որից 3 հազար 906-ը Երևանում:
Հայաստանում հյուրանոցային սենյակների դասակարգման չորս տարբերակ կա՝ շքասենյակ, լյուքս, կիսալյուքս և սովորական: Եվ եթե նայենք վիճակագրությանը, ապա անցած երկու տարիների ընթացքում շքասենյակների թիվն ավելացել է ընդամենը 7-ով: Այս պահին դրանք 208-ն են, որից 89-ը գտնվում են մայրաքաղաքում:
Լյուքս համարների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդին, այն կազմում է 842: Ի դեպ, սրանց թիվը դեռևս 2014 թ. կազմում էր 689: Ավելացվել է նաև սովորական համարների թիվը. երկու տարվա ընթացքում ավելի քան 1600-ով: Բայց միաժամանակ նվազել է կիսալյուքս համարների թիվը: Եթե 2014 թ. ունեցել ենք 2 հազար 423 նմանատիպ համար, ապա արդեն 2016 թ.՝ 1764: Ընդ որում` այս թիվը դեռ կարելի է դրական համարել, քանի որ 2015 թ. այն ավելի քիչ էր և կազմում էր 1524:
Սրանից մեկ հետևություն կարելի է անել՝ տնտեսվարողները հասկացել են, որ մեր երկրում մարդիկ կամ ճոխ սենյակ են ուզում կամ էլ գումարի սղության պատճառով՝ նվազագույն հնարավորություններ ունեցող սենյակներից են օգտվում»: